ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա:
«Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Զենքերի վրա գրություններ են առկա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ:
Վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի անունները: Ռուսերեն գրված է՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770» (ռուս-թուրքական պատերազմ), «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Կադրերից երևում է, որ պահունակների վրա մահմեդականների դեմ քրիստոնյաների կողմից տարբեր ժամանակներում տարված հաղթանակների ժամանակագրություն է պատկերված:
Հայերեն գրված է Սարիղամիշի ճակատամարտ (Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, ավարտվել է ռուսների հաղթանակով)։
Նշված է նաև Միլոշ Օբիլիչի անունը (սերբ ազգային հերոս, ով Կոսովոյի դաշտի ճակատամարտում սպանել է սուլթան Մուրադ առաջինին), 1683 թվականի Վիեննայի ճակատամարտը, որը վերջակետ դրեց Օսմանյան կայսրության առաջխաղացման մեջ:
Նշված է բրիտանական ծովակալ Էդվարդ Կոդրինգտոնի անունը, ով գլխավորելով բրիտանական, ռուսաական և ֆրանսիական նավատորմը, 1827-ին ջախջախել է թուրքական ուժերը՝ հաղթանակ տոնելով Նավարինյան ճակատամարտում:
Ահաբեկչության հեղինակների զենքերի վրա գրված է նաև Մարկ Անտոնիո Բրագադին անունը: Մարկ Անտոնիո Բրագադինը Վենետիկի Հանրապետության (7-18-րդ դարեր) ամենահայտնի ռազմական առաջնորդներից մեկն է: 1570 թվականին, երբ պատերազմ է սկսվել Վենետիկի և Օսմանյան Կայսրության միջև, թուրքական զորքը շրջափակել է Ֆամագուստա քաղաքը, որի պաշտպանությունը ղեկավարել է Մարկ Անտոնիո Բրագադինը: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքի գրավման գործողությանը մասնակցել է 100 հազար թուրք զինվոր, քաղաք դեմ ծովային շրջափակման մեջ վերցրած 150 նավերից հրետանու աջակցությամբ 1500 թնդանոթ է օգտագործվել, 6 հազարանոց կայազորը երկար ժամանակ հաջողությամբ կարողացել է պաշտպանել քաղաքը: Ֆամագուստա քաղաքը գրոհելու ընթացքում թուրքական բանակը 52 հազար զոհ է տվել: Այնուամենայնիվ, վենետիկցիները, կորցնելով օգնություն ստանալու բոլոր հույսերը, ստիպված են եղել հանձնվել: