Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80–ամյա հոբելյանի առթիվ ողջ տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք համերգներ։ Առաջիկայում նախատեսված է երկու հայաստանյան համերգ` մարտի 21–ին և 26–ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համերգների մանրամասները։
Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշեց, որ համերգները կազմակերպել են իրենք։ «Առաջին համերգին կհնչեն Չարենցի, իսկ հաջորդին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա մաեստրոյի գրած ստեղծագործությունները։ Այս համերգներով սկիզբ կդրվի մեր երգչախմբի` Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներին. տարվա ընթացքում համերգներ կունենանք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` եվրոպական երկրներում»,–ասաց Արաբյանը։
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյանի խոսքով էլ` երջանկություն է ունենալ նման երգչախումբ և նման կոմպոզիտոր, որի ստեղծագործությունների գերակշիռ մասը հենց երգչախմբի համար է գրված։ Ըստ նրա` Մանսուրյանը վաղուց էր ուզում Չարենցի և Իսահակյանի գործերին նվիրված համերգ ունենալ։ «Կարծում եմ` մի ամբողջ կյանք պետք է ապրես, որպեսզի կարողանաս այդ ամենը քո միջով անցկացնել ու ստեղծագործություն դարձնել»,–ասաց Մլքեյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am