Գազավորված ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է քաղցկեղից մահանալու վտանգը. Հարվարդի համալսարան
Advertisement 1000 x 90

Գազավորված ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է քաղցկեղից մահանալու վտանգը. Հարվարդի համալսարան

Մեծ քանակությամբ գազավորված եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է քաղցկեղից, ինչպես նաեւ սրտի եւ անոթների հիվանդություններից մահանալու վտանգը։ Նման եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի մասնագետները անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 100 հազար մարդու տվյալներ, որոնք հավաքվել են 2014-ին, HPFS եւ NHANES նախագծերի շրջանակում։ Ամեն երկու տարին մեկ փորձարկվողները տեղեկացրել են իրենց վնասակար եւ օգտակար սովորությունների մասին, ինչպես նաեւ հետազոտվել են։ Ստացված տվյալներն օգնել են հետազոտողներին գնահատել վաղաժամ մահվան եւ գազավորված ու քաղցր ըմպելիքների օգտագործման միջեւ կապը։

Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 3-4 բաժակ գազավորված ըմպելիք են խմել, 6 տոկոսով ավելի շատ են մահացել, քան նրանք, ովքեր չեն օգտագործել այդ ըմպելիքները։ Ամեն օր մեկ բաժակ գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում վաղաժամ մահվան վտանգը բարձրացել է մինչեւ 14 տոկոս, իսկ երկու բաժակի դեպքում՝ 21 տոկոս։

Ընդ որում՝ նրանք, ովքեր խմել են օրը 2-6 բաժակ գազավորված ըմպելիք, 30 տոկոսով ավելի հաճախ են մահացել սրտի կաթվածից, իշեմիկ հիվանդություններից եւ ուղեղի կաթվածից, եւ 16 տոկոսով ավելի՝ քաղցկեղից։

Այս առնչությամբ փորձագետները կարծիք են հայտնել գազավորված ըմպելիքի գովազդի եւ շրջանառության սահմանափակման կամ արգելքի անհրաժեշտության մասին, հատկապես երեխաների եւ երիտասարդության շրջանում։ Եվս մեկ կարեւոր քայլ կարող է դառնալ բարձր հարկեր մտցնելը քաղցր ու գազավորված ըմպելիքների արտադրության համար։

Հետազոտության արդյուքները հրապարակվել են Circulation ամսագրում։

news.am