Համապետական շաբաթօրյակի ընթացքում կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ
Advertisement 1000 x 90

Համապետական շաբաթօրյակի ընթացքում կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ

Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին կմասնակցի 125-150 հազար քաղաքացի, ներգրավված կլինի շուրջ 1700 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում, մասնավորապես, կվերացվեն 6 աղբանոց և 447 աղբակույտ:

Մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով` դա լինելու է այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը և այն շարունակական բնույթ է կրելու:

«Ինչու եմ ասում առաջինը, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանը աղբից, իսկ դա անել մեկ օրում, մեկ շաբաթօրյակի միջոցով ,իհարկե, հնարավոր չէ, և այս գործընթացը լինելու է շարունակական: Ամեն ամիս մենք ունենալու ենք մեկ օր, որը լինելու է համապետական մաքրության օր, և մեր քաղաքացիները այդ օրը մաքրելու են իրենց բակերը և այգիները… Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գիտակցենք. մեր տնից դուրս նույնպես մեր հոգածության ներքո տարածք գոյություն ունի»,- ասաց Պապիկյանը:

Նախարարի կարծիքով` դա բխում է զբոսաշրջության շահերից, ինչպես նաև դա երկրի պետական դիմագիծն է:

«Այսինքն` մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերը այլ է: Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մեր քաղաքացու համար մի բան է մաքրությունը շքամուտքում, մի այլ բան՝ իրենց բնակարանում»,- նշեց Պապիկյանը:



Նման նյութեր