Նազարբաևի հիվանդանոցային սուտը. fip.am
Advertisement 1000 x 90

Նազարբաևի հիվանդանոցային սուտը. fip.am

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ երևանյան նստաշրջանն անցել էր առանց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Նրա փոխարեն նախագահական սեղանի շուրջ նստած էր երկրի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

Նազարբաևի Երևան չգալու պաշտոնական բացատրությունը մրսածությունն էր: Համաձայն պաշտոնական հաղորդագրության նախագահը հիվանդացել և բուժում էր ստանում:

Զավեշտալի է այն, որ նույն օրը, երբ Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը իր և մյուս նախագահների անունից Նազարբաևին առողջություն մաղթեց, վերջինս անմիջապես ապաքինվեց:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքէջում հոկտեմբերի 14-ին տարածվեց հաղորդագրություն առ այն, որ Նազարբաևը անցկացրել է աշխատանքային հանդիպումներ երկրի գլխավոր դատախազի և Աստանայի քաղաքապետի հետ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե ինչպես եղավ, որ Հայաստան իր այցը չեղյալ հայտարարած «հիվանդ» Նազարբաևը հիվանդ չէ:

«Մեզ պաշտոնական հայտագիր է ուղարկվել, որ հիվանդության պատճառով Ղազախստանը ներկայացված կլինի վարչապետով: Ինչ վերաբերվում է նրան, որ Նազարբաևը այդ օրը ունեցել է աշխատանքային հանդիպումներ, ավելի լավ է Ղազախական կողմին հարցնեք», — ասաց Բալայանը հավելելով, որ հնարավոր է հիվանդությունը այնպիսին է, որ չի նախատեսում օդի և ջերմաստիճանի փոփոխություն:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում օդի ջերմաստիճանը կազմում էր +24, Աստանայում նույն ժամանակ ձյուն էր տեղում, իսկ օդի ջերմաստիճանը +3 էր:

Եթե նշվածին գումարենք Ադրբեջանի ու Ղազախստանի ջերմ բարեկամական հարաբերությունների հանգամանքը, պարզ կդառնա, որ Նուրսուլթան Նազարբաևի Երևան չժամանելը որևէ աղերս չուներ նրա առողջական վիճակի հետ:

fip.am