Գիշերօթիկ հաստատություններ են փակվելու. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գիշերօթիկ հաստատություններ են փակվելու. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Փոխարենը պետությունը տարբեր քայլերի իրականացման արդյունքում կստեղծի երեխաներին իրենց ընտանիքներում ապրելու հնարավորություն:

Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Վերակազմավորման և լուծարման մասին է խոսքը: Այս պահին հստակ քանակը չեմ կարող ասել, որովհետև դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որ կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովենք: Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց: Պետք է ամեն ինչ անենք, որ վստահ լինենք, որ հենց այդպես էլ լինելու է: Գիշերօթիկ հաստատություններում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են բնակվում: Եվ մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք ընտանիքներին օգնելու և համայնքում այդ ծառայությունները ստեղծելու նպատակին»,-ասաց Բաթոյանը:

Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունների ինստիտուտների փակումը պայմանավորված է մեկ բանով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նախարարը մարդու իրավունքներն ապահովելու լավագույն տարբերակը համարեց մարդու՝ համայնքում բնակվելու իրավունքն ապահովելը: Բաթոյանը նկատեց՝  Հայաստանը, ցավոք, շատ ուշացրել է սա: «Հատուկ, մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես Խարբերդի մանկատան ունենք մարդիկ, ում 18 տարին լրացել է, սակայն դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք հնարավորինս շուտ այդ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար՝ կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, կամ կենսաբանական ընտանիքին աջակցություն տրամադրելու միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նրա կարծիքով՝ դա հեշտ գործ չէ, սակայն դրա համար պետք է քաղաքական կամք, որն իրենք ունեն:



Նման նյութեր