Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չէր ներկայացել։ Ավելին`նա Հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- ասաց Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախկին պատգամավորը հարցաքննության է հրավիրվում վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2016թ-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:
Օֆշորի գործը վերաբացելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձել է կապ հաստատել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ և նրան հարցաքննության հրավիրել: