Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը:
«Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար»,- նշված է կայքէջում: