Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։ Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում:
Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում: Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի և երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների և ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում: Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: Որոշ հեքիաթներ բեմադրվել են, մասնավորապես «Քաչալ ոզնին»՝ Խամաճիկների պետական թատրոնում, «Թզուկ Մզուկը»՝ «Կարապետ» տիկնիկային թատրոնում: Նունե Սարգսյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: