Հայաստանը, որը փոքր երկիր է, սակայն ունի մեծ մարդկային կապիտալ, հանդես է գալիս մեծ հավակնություններով՝ հաստատելու աշխարհում իր դերը՝ հաշվի առնելով այդ երկրի ավանդական ներուժը գիտական կատարելության, ստեղծարարության և մտավոր կարողությունների ոլորտներում: Այս մասին գրում է Ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» («Summit of Minds») պաշտոնական կայքը, որն արդեն պաշտոնապես հրապարակել է տեղեկատվություն հունիսին Դիլիջանում անցկացվելիք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ի («Armenian Summit of Minds») վերաբերյալ:
Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-9-ը կհյուրընկալի «Հայկական մտքերի գագաթնաժողովը»:
Ներկայացնելով Հայաստանի պատմությունը՝ որպես հնագույն քաղաքակրթության բնօրրան, որը հարուստ է պատմական ու մշակութային ավանդույթներով, ունի 2800-ամյա մայրաքաղաք, առաջինն է աշխարհում, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, իսկ 405 թվականին արդեն ունեցել է իր այբուբենը՝ «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչներն ընդգծում են, որ այսօր երկրի երիտասարդ սերունդն ակտիվորեն ներգրավված է սեփական ապագայի կառուցման ու զարգացման գործում:
«Ի շահ ողջ տարածաշրջանի՝ պատրաստ լինելով տարբեր ազգերի համար ծառայել իբրև կենսական կամուրջ՝ Հայաստանը տնտեսական ու հասարակական «հեղափոխության» կենտրոնում է: Եվ այս հարցում երկիրն ունի իր ընկերների աջակցության կարիքը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում ունենալ Հայաստանում ու տարածաշրջանային երկրներում: Ինչպե՞ս կարող է աշխարհն օգուտներ քաղել Հայաստանից:
«Հայկական մտքերի գագաթնաժողով»-ը յուրօրինակ հնարավորություն է մասնակիցների համար ծանոթանալ հնագույն ու միաժամանակ նաև ամենանորարար երևույթներին, որը կարող է առաջարկել այս երկիրը: Հիասքանչ բնությամբ շրջապատված ռեզորտային քաղաք Դիլիջանը, որը հայտնի է իր բուժիչ ջրերով ու ավանդական արհեստներով, լավագույն վայրն է «Մտքերի գագաթնաժողով»-ի անցկացման համար»,- ասվում է «Մտքերի գագաթնաժողովի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:
Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:
Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:
Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:
«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:
Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից: