Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունն իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, այս ծրագրի իրականացման արդյունքում Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը։ «Ծրագրի թիրախը Սևան համայնքն է և տարածաշրջանի գյուղական համայնքները: «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ներկայացուցիչները դեռևս շաբաթներ առաջ հանդիպում են ունեցել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են երեխաների զարգացման խնդիրները: Համայնքի ղեկավարը ողջունեց նման ձեռնարկը` այն համարելով հույժ կարևոր ոչ միայն Սևանի, այլ նաև տարածաշրջանի համար, որը անգնահատելի օգնություն է ծնողներին, իսկ երեխաների համար՝ կյանքի որակի բարելավման լավագույն միջոց: Հիմնադրամը, հաշվի առնելով առկա իրավիճակը, աշխատում է վերաբացել ցերեկային խնամքի կենտրոնը, որը սպասարկելու է հաշմանդամության և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին: Նման կենտրոնի ստեղծմամբ անապահով երեխաները հնարավորություն կստանան բարելավել իրենց ֆիզիկական և հոգեբանական պայմանները: Կենտրոնը գործելու է Դեմիրճյան, 17 հասցեում: Մինչ հիշյալ հասցեում գտնվող տարածքի վերանորոգման, կահավորման աշխատանքների ավարտը գործունեությունը կիրականացվի քաղաքի Տերյան, 26 հասցեում: Կենտրոնում աշխատելու է 12 հոգուց բաղկացած անձնակազմը: Մասնագետներն ու ուսուցիչները կանցնեն մասնագիտացված դասընթացներ:
Ծրագիրը մեկնարկում է 2019 թվականին,որն առնվազն 5 տարի կհովանավորվի «Ջինիշյան հիմնադրամի» և մասնակից գործընկերների կողմից: Ծրագրի ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու է հիմնադրամը, որն աշխատելու է կառավարության հետ: Ծրագրի վերջնական նպատակն է մինչև 2024 թվականը կենտրոնի կառավարումը աստիճանաբար հանձնել կառավարությանը` լիարժեք ֆինանսական աջակցության համար»,-ընդգծեց Արմինե Ղուկասյանը: