Աղջիկ, որի գլխում միշտ երաժշտություն կա, անկախ նրանից` իրականում այդ պահին երաժշտություն հնչում է, թե ոչ։ Ժամանակին նա ամենուր զգում էր, թե իրեն նկարահանում են, կինոյի աղջիկն է, հիմա այդ զգացողությունը կորել է, կինոյի հանդեպ սերը` ոչ։ Չիրականացած երազանքն էլ կինոյի հետ է կապված։
Նա վախենում է բաց թողնել կարևորը, մարդկային կորստից ու արհեստական ինտելեկտից, անսահման սիրում է կյանքն ու փորձում ամենուր նկատել գեղեցիկը։
Tert.am Life–ի «Ինքս ինձ հետ» շարքի շրջանակում անկեղծացրել ենք դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյին։ Դերասանուհու հետ մեր զրույցը սկսվեց սուրճով, շարունակվեց գինով և ավելի ու ավելի անկեղծացավ։ Դիանան ասում է` հիմա մի հոգեվիճակում է, երբ ոչինչ չգիտի, պատասխանների փնտրտուքների մեջ է։ Հենց այդտեղից էլ սկսեցինք զրույցը։
Մեկուսացել եմ. մինչև ինքդ քեզ չբզկտես, չես գտնի ճանապարհները
Շփվող ու կեսուրախ Դիանան ասում է` հնարավորության դեպքում 1 տարի կլռեր, կուսումնասիրեր աշխարհն` իմաստնանալու համար։ Թեև նա շարունակում է լինել ընկերական ակտիվ միջավայրերում, հիմա ավելի շատ ժամանակ ինքն իր հետ է անցկացնում։ «2 տարի առաջվա համեմատ հիմա ավելի շատ իմ աշխարհում եմ ապրել, կտրվել եմ արտաքին աշխարհից,– ասաց նա, միաժամանակ շեշտեց` արտաքին աշխարհի հետ կապը կորցնելու մտավախություն չունի,– անհնար է։ Ես այս աշխարհը շատ եմ սիրում։ Պարզապես երբեմն ինքդ քեզնից ես ձանձրանում։ Մարդն առաջին հերթին իրեն պիտի սիրի, որպեսզի աշխարհը սիրի։ Երբ ինքդ քեզնից ձանձրացրած ես, աշխարհը չի կարող հետաքրքիր լինել։ Առաջ մտածում էի` արտաքին աշխարհի ազդեցությամբ կարող ես ճանապարհներ գտնել, հիմա հակառակը` մտածում եմ, որ մինչև ինքդ քեզ հետ մենակ չմնաս, փորձություններով չանցնես, չբզկտես քեզ, չես գտնի ճանապարհները»։
Վերջին շրջանում հաղորդավարուհին քիչ է հարցազրույցներ տալիս, եթե աշխատանքային նորություն չունի։ Սրտնեղում է, որ բոլորը խոսում են և ոչ ոք չի հարցնում` ում է դա հետաքրքիր։ Խոստովանում է, որ մեր հարցազրույցին էլ լավ տրամադրությամբ համաձայնեց, հետո սկսեց մտածել, իսկ ի՞նչ է խոսելու։ «Հնարավորության դեպքում կնախընտրեի գոնե 1 տարի լռել, որովհետև չգիտեմ՝ ինչ խոսեմ։ Սա է ներկայիս հոգեվիճակս։ Հիմա գլխումս անընդհատ պտտվում է միտքը, որ ոչինչ չգիտեմ։ Երևի տարիքից է։ Դու պատանեկան տարիքից սկսում ես բացահայտել աշխարհը, մարդկային տարբեր տեսակների հանդիպել, նորություններ տեսնել, հետո գալիս է կյանքի մի շրջան, երբ հասկանում ես, որ հազարամյակներ շարունակ աշխարհում նույնն է կատարվում, ձևն է ուրիշ։ Ուզում ես հասկանալ` այդ շրջապտույտի մեջ որն է քո դերը։ Երևի դա ամենաբարդ կռիվն է, որը մինչև կյանքի վերջ ուղեկցում է քեզ։ Ինքս իմ ձեռքը խելագարվում եմ,– ասաց հաղորդավարուհին, ապա նկատեց, որ պարբերաբար դատարկվելու փուլ է գալիս, որը լցնելու համար սկսում է շատ ֆիլմեր դիտել,– Ամբողջ օրը կինո եմ նայում։ Այս ընթացքում 2 գիրք եմ կարդացել, բայց կինոն անընդհատ է»։
Ժամանակին Դիանան ավելի ակտիվ էր սոցցանցերում, որտեղ գրում էր նաև իր մտքերը, հիմա` ոչ, նրա համար խոսքն արժեզրկվել է։ «Իմ Մհերը (նկատի ունի սիրելիին, հեղ.) ինձ կարևոր բան է սովորեցրել` լռել։ Այն ժամանակ դա ինձ համար տարօրինակ էր, հիմա հասկացել եմ, որ լռելու մեջ այնքան ուժ կա, որը չկա խոսելու մեջ։ Մեծ հաշվով կյանքիդ ընտրությունները ուշադիր ու նրբանկատորեն ես անում, բայց խոսելու մեջ մարդիկ այդպիսին չեն, նրբանկատ չեն խոսքի մեջ։ Մարդիկ լսելու ունակություն չունեն։ Ամեն մեկն ուզում է իրենից խոսել, դա ներվայնանում է, բայց ամենավատն այն է, որ ինքս ինձ եմ բռնացնում դրա վրա։ Ընթերցողը կարող է կարդալ ու մտածել` չէ, ես լսում եմ, բայց երբ ուշադիր լինի, կհասկանա, որ սուտ է»,– վստահ է նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am