Մեղրիի զորամասում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ
Advertisement 1000 x 90

Մեղրիի զորամասում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ

Մարտի 23-ին ՀՀ ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ Դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի զորամասերից մեկում կարգազանցության եւ անհնազանդության դեպք է գրանցվել. «ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»,- նշված էր հայտարարության մեջ:

Գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

pastinfo.am