Այսօր, մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 627 AD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Աշտարակի, մյուսը «Արմենիա» բժշկական կենտրոններ։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները։ Վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ․ Մալաքյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մի քանի քննիչներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավոր ուղևորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: