Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Արամեի նոր տեսահոլովակի մասին, որի հերոսոուհուն մարմնավորում է ուկրաինացի մոդել Չառա Խորիվը։ Այս անգամ ևս Արամեն երկրպագուներին ներկայացնելու է ռուսերեն երգ։ «Ты моя» երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա արդեն վաղը։
Դեռ երկու տարի առաջ Tert.am Life–ին տված հարցազրույցում Արամեն խոսել էր ռուսական շոու բիզնեսում քայլեր անելու ցանկության մասին, ինչին հաջորդեցին նրա ռուսալեզու տեսահոլովակները, Անժելիկա Ագուրբաշի հետ զուգերգը։
Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչ հաջողություններ ունի այս ճակատում։ «Ռուսաստանը շատ մեծ պետություն է, որտեղ մեծ ճանաչում ունենալու և հաստատվելու համար ֆինանսական մեծ ռեսուրսներ և ծանոթություններ են պետք։ Այնտեղ շատ ավելի դժվար է, քան մեր իրականության մեջ։ Այսօր համացանցը շատերին հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները։ Ես այդ ճանապարհով չեմ գնում, որովհետև, փառք Աստծո, արդեն կայացած արտիստ եմ։ Ինձ այլ քայլեր են պետք նաև ռուսական շոու բիզնես ներխուժելու համար»,– ասաց Արամեն։
Երգչի խոսքով` կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդչրում անել իր կերիերայի վրա, սակայն ինքը դա ռիսկային է գգնահատում։ «Ցավոք, չունեմ այդ ֆինանսները, որոնցով կարող եմ ներխուժել ռուսական շոու բիզնես։ Կան մարդիկ, որոնք ունեն և պատրաստ են ներդրում անել, սակայն ես բնավորությամբ շատ պատասխանատու եմ և չեմ ուզում օգտագործել ուրիշների ռեսուրսները` փորձելու համար կստացվի՞, թե՞ ոչ։ Նախընտրում եմ իմ ուժերով անել իմ փոքրիկ, համեստ քայլերը։ Դա ոչնչով չի խանգարի ոչ ինձ, ոչ էլ մեր երկրին»,– շեշտեց նա։
Արամեն նկատեց, որ այս աշխատանքները, այնուամենայնիվ, իրեն տալիս են ավելի լայն ճանաչում։
«Իհարկե, իմ հանդիսատեսը թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում մեծապես հայերն են, սակայն Ռուսաստանում գործունեությանս իմաստն այլ ազգի ներկայացուցիչների ներգրավելն է, ինչը քիչ–քիչ ստացվում է։ Ի զարմանս ինձ, լինում են դեպքեր, երբ ռուսներն ինձ ճանաչում են, որովհետև լսել են իմ ռուսալեզու երգերը։ Իմ համերգներին էլ գալիս են շատ ռուսներ, որոնք ասում են, որ ճանաչում են ինձ»,– եզրափակեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am