Երգչուհի Սոնա Ռուբենյանը ժամանակին մասնակցել և հաղթել է «Հայ սուպերսթար» նախագծում։ Հեռուստանախագիծը Սոնայի համար դարձավ հարթակ, որը նրան ճանաչում բերեց։ Հետագայում ծավալած գործունեությունը Սոնային բերեց մի կետի, որ այսօր արդեն ժյուրիի կարգավիճակով է մասնակցում հեռուստատեսային մրցույթի։ Նա, Միհրան Ծառուկյանը, Նիկ Էգիբյանը և պատանի երգիչներ Միշան, Յանա Հովհաննիսյանն ու Մերի Քոչարյանն ընտրելու են «Արմենիա TV»–ի I like it նախագծի մասնակիցներին աշխատեն նրանց հետ և հասնեն եզրագծին։
Tert.am Life-ը զրուցել է երգչուհու hետ նոր կարգավիճակի մասին։ Սոնան արդեն ձևավորել է իր թիմը։ Կարծում է` ունի մրցունակ թիմ, որի հետ կպայքարի նախագծում։ 8-13 տարեկան երեխաները հասցրել են հիացնել երիտասարդ երգչուհուն։ Ասում է` մասնակիցները տաղանդավոր էին, ընտրությունը բարդ, բայց կանոնները հստակ են, պետք է ընտրել լավագույններին։
«Մի քանի անգամ եղել էի ժյուրիի կարգավիճակում, սակայն սա շատ բարդ ու պատասխանատու նախագիծ է։ Այլ դեպքերում միայն գնահատական եմ տվել, իսկ հիմա մասնակցին կամ հնարավորություն ես տալիս շարունակելու, կամ ոչ։ Չէի պատկերացնում, բայց դա շատ բարդ է,– ասա Սոնան ու հավելեց,– երեխաներն իսկապես շատ լավն են։ Բոլորն են տաղանդավոր։ Դու էլ ես վատ զգում, որ կարող ես չնչին տարբերությունների, երբեմն էլ, պատահականության արդյունքում չընտրել ինչ-որ երեխայի»։
Սոնան Միշային խորհուրդներ չի տվել, թե ինչպես ընտրի մասնակցին։ «Միշան արդեն պրոֆեսիոնալ է, ամեն ինչ շատ լավ տեսնում է, գնահատում։ Մի քանի դեպք եղավ, երբ չէր ընտրել երեխային, հետո հասկացա` ինչու։ Իրենք ընտրում են արտիստիզմով, մենք միայն լսում ենք»,– նկատեց նա։
Իբրև ժյուրի` երգչուհին փնտրում է գեղեցիկ ձայն, որը կարող է դիպչել հոգուն. «Ես չեմ փնտրում դիապազոն, հզոր ձայն, փնտրում եմ հոգուն դիպչող ու այն տակնուվրա անող գեղեցիկ ձայն։ Երգչի համար դա ամենակարևորն է»։
Սոնան կարևորում է մասնակցի ոճը պահպանելը։ Նախագիծը թույլ է տալիս էքսպերիմենտներ, սակայն, նրա խոսքով, դրանք պետք է արվեն չփոխելով երեխայի տեսակը։ «Կարևոր է ձայնի, կոկորդի կառուցվածքը։ Մի երեխայի եմ ընտրել, որը ժողովրդական է երգում, այնպիսի կոկորդ ունի… բնականաբար, իրեն պետք է տամ ժողովրդականին մոտ երգ։ Էքսպերիմենտները պետք է լինեն երեխայի կարողությունների ու հնարավորությունների սահմաններում»,– ասաց նա։
Երգչուհին հիշում է, թե ժամանակին ինքն ինչպիսի ապրումներ ուներ մրցույթի մասնակցելիս. «Շատ դաժան էր,– ծիծաղելով ասաց նա ու շարունակեց,– ես շատ թեթև եմ նայել մրցույթին, ուղղակի հավատացել եմ մտքին, որ սիրում եմ ու ուզում եմ երգել։ Երգել եմ, որպեսզի մարդիկ լսեն ինձ, բարեբախտաբար, նաև հաղթել եմ։ Այսօր եմ հասկանում ժյուրիի շատ բարդ գործը։ Էկրանից այս կողմ հաճախ չես հասկանում, թե ինչու չընտրեցին այս կամ այն երեխային, մյուսին ինչու անցկացրին, բայց երբ նստում ես այս աթոռին, ամեն ինչ փոխվում է»։ Երգչուհին շեշտեց, որ պատրաստ է նաև քննադատությունների, որոնք անխուսափելի են։
Ամբողջությամբ՝ life.tert.am