Պետությունն այս տարվա պետական բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոցներ է նախատեսել մի ծրագրի համար, որով շուրջ 350 հազար աշակերտի համար անվճար թանգարան, համերգասրահ և թատրոն այցելելու հնարավորություն է ստեղծում:
Վարչապետ Փաշինյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ` ի պատասխան պատգամավորի հարցի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ կառավարութան կատարողականի վերաբերյալ զեկույցից եզրակացրել է, որ կառավարության մշակութային ծրագրերի իրականացման համար կառավարության մոտեցումը համաչափ չի իրականացվել մարզերում:
«2018-ի մայիս-հունիսից աշխատում ենք մի ծրագրի վրա, որը հանրապետության բոլոր` մոտ 350 հազար աշակերտի հնարավորություն է տալու պետական բյուջեի ֆինանսավորմամբ տարին առնվազն մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան: Պետությունը 2019-ի բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոց է հատկացրել այս ծրագիրն իրականացնելու համար»,-ներկայացրեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ իրենց յուրօրինակ պատկերացումն ունեն, թե մշակութային քաղաքականությունն ինչ նպատակ պետք է ունենա և ինչպես պետք է տարվի: