Երկրորդ օրն է՝ հայ հասարակական-քաղաքական հանրությունը քննարկում է նոր իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապառիկով գնած լվացքի մեքենայի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեռուստացույցի հարցը։
Կարծում ենք՝ այլևս բոլորի համար հասկանալի է՝ ինչո՞ւ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԱԺ՝ օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից դա հնչեցրեց: Ազդելու համար այն արդեն փոքրիկ զանգվածի վրա, որոնք դեռ սպասելիքներ ունեն նոր, հեղափոխությամբ իշխանության եկած իշխանություններից և որոշակի «դոզա» էր անհրաժեշտ էյֆորիկ նոր կրքեր առաջացնելու համար։ Թե բա՝ մենք էնքան ազնիվ ենք, սիրելի ժովովուրդ, ձեր պես մենք էլ ենք ապառիկով լվացքի մեքենա ու հեռուստացույց գնում։ Էժանագին քայլ, որը նույնիսկ ծիծաղելի չէ։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր տանը ինչ կա՝ սառնարան, լվացքի մեքենա, ամեն ինչ վարկով ենք առել: Շատ հարմար վարկեր են առաջարկում։ Ամիսը 6 հազար դրամ վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա»։
Արարատ Միրզոյանն էլ պատմեց իր կյանքից մի դրվագ, որ նույն տրամաբանությամբ ինքը փորձել է «Զիգզագ» խանութների ցանցից հեռուստացույց գնել, սակայն չի կարողացել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք է դրել։ «Լուրջ։ Չվճարած տուգանք ունեի», – ԱԺ ամբիոնից հայտարարեց նա։
Բայց պարզվում է՝ նրանք իսկապես ժողովրդին հիմարի տեղ են դրել. պատմությունն այսքանով չի ավարտվում։
Երեկ ֆեյսբուքում հեղինակավոր գրառմամբ հանդես եկավ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը.
«Բայց ասեմ՝ լավ ծիծաղել եմ, երբ Արարատը «ԶիգԶագից» զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք ա դրված:))
Արփին ու Սամվելն էլ պապայից լուրջ նեղացել էին, քանի որ խոսք էր տվել, որ այդ օրը հեռուստացույց կնայեն))»:
Երեկ ողջ օրը մարդիկ բառացիոնեն «տժժում էին» Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարությունների վրա ու լուսանկարներ հրապարակում, դրվագներ պատմում իշխանափոխությունից հետո նրանց ճոխ կյանքի, թանկարժեք հագուկապի մասին, մի քանի միլիոն դրամների հասնող նվերների ու ծննդյան տարեդարձերի մասին…
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքում գրել էր.
«Ուրեմն՝ սույն թվականի մարտի 4-ի երեկոյան ընկերս զանգեց, ասեց՝ հենց հիմա «Երևան Մոլի» «Զիգզագում» եմ, ու Արարատ Միրզոյանը հեռուստացույց ա ուզում գնել ապառիկով, բայց մերժեցին, ասեցին՝ հարկադիր կա։ Վերջը ծիծաղեցինք, ու ուզում էի գրել այդ մասին, հետո մտածեցի, հիշեցի, որ ախր «Զիգզագն» իրանց ընկերոջինն ա, ու համ էլ ախրանայով «Երևան Մոլ» գնալու ու մերժվելու իմաստն ենա, որ մեկը գրի դրա մասին, ու իրանք ասեն՝ վա՜յ, տեսեք՝ ինչ պուպուշ ղեկավարներ ունենք, սկի փող չունեն՝ հեռուստացույց գնեն։Որոշեցի մեր Միրզոյանի պլանը պռավալ տամ ու չխոսամ դրա մասին, որ չփիառվի, էն էլ չդիմացավ, էսօր ասեց։
Տղեք, մեղք եք, ամոթ ա։
Էն, որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2,000,000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք»։
Ոմանք հիշեցրեցին Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյա տարեդարձի խնջույքը թանկարժեք՝ «Մոնարխ» ռեստորանում։ Հիշում եք, Աննա Հակոբյանն այդ ժամանակ ֆեյսբուքում գրառում կատարեց՝ մեկնաբանելով իրենց դստեր 20–ամյակի շուրջ ծավալված աղմուկն ու մեկ միլիոն դրամանոց ծնունդը համարել ոչ գերթանկ։
««Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
- «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից:
- Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաև 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է ու մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:
- Իմ ամուսնուն և ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:
- Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:
- Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:
- Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:
- Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին»,–գրել է Աննա Հակոբյանն ու օգտագործել «Մերժեք ֆեյք լրատվամիջոցներին» հեշթեգը»:
Իրենց սատարող կեղծ զանգվածը՝ ֆեյքերը անմիջապես գործի դրվեցին՝ ամոթանք տալով այն լրատվամիջոցներին, ովքեր նրանց դստեր տարեդարձի մասին գրել էին և համեմատել նախկին իշխանությունների ցոփ ու շվայտ կյանքի հետ։
Ի դեպ, այսօր արդեն նույնիսկ տաքսի ծառայությունների շարքային վարորդները հարց են տալիս՝ «Նախկին իշխանությունները նման բաներ իրենց թույլ տվեցին 20 տարիների ընթացքում, սրանք՝ մի տարին դեռ չլրացած»։
Այսօր ապառիկով լվացքի մեքենայի և հեռուստացույցի զավեշտը հասավ գագաթնակետին։
Երեկ Նարեկ Մալյանը հրապարակելով ստորև բերված լուսանկարը, տրամաբանական հարց ուղղեց Արարատ Միրզոյանի կնոջը՝ Գոհար Աբաջյանին.
«Տրամաբական հարց.
Եթե տիկին Գոհարը հայտարարում է, որ իրենց տանը հեռուստացույց չկա, ապա ու՞մ տունն է փոշեծծում Արարատ Միրզոյանը…»:
Ի դեպ, այս լուսանկարը 2018թ. մարտի 8-ին հրապարակել էր հենց Գոհար Աբաջյանը, հետևյալ գրառմամբ, որն այդ ժամանակ տեղ էր գտել blog.168.am-ում՝ «Արարատ Միրզոյանի յուրահատուկ նվերը՝ կնոջը» վերնագրով
«Արթնացա նվերի ձայնից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ տեղադրելով այս լուսանկարը:
Այդ ժամանակ իշխանական ֆեյքերը մի տեսակ հպարտությամբ էին նշում՝ ա՜խ, ինչպիսի՜ տղամարդ, մարտի 8-ին կնոջը տեսեք թե ինչ նվեր է անում… Եվ հարձակվում էին այն «քյարթ» հայերի վրա, ովքեր այդ լուսանկարը տեսնեոլվ՝ ձեռք էին առնում Արարատ Միրզոյանին։
Նարեկ Մալյանի և շատերի տրամաբանական հարցից հետո, թե՝ «ո՞ւմ տունն է մաքրում Արարատ Միրզոյանը, եթե պատի հեռուստացույցը իրենցը չի՞ » կրկին ասպարեզ է իջնում Գոհար Աբաջյանը՝ Արարատ Միրզոյանի կինը, թե բա՝
«Ընկերներ, մի հավատացեք այն կեղծ լուսանկարին։ Սա է իրական լուսանկարը։ Մենք մինչև հիմա հեռուստացույց չունենք։ (((»։
Լավ է, որ ինտերնետը և մեր բլոգի պես կայքերը պահպանում են ամեն ինչ և ունեն հիշողություն։
Տղաներ և աղջիկներ, բոլորը լավ հիշում են ձեզ և հեղափոխությունից առաջ, և ընթացքում և հիմա տեսնում են ամեն ինչ, երբ արդեն իշխանություն եք և որևէ բան ստեղծելու, արարելու փոխարեն միայն զբաղված եք նախկիններին հայհոյելու ճանապարհով ձեր ոտքը պնդացնելու, այս կամ այն ոլորտում տեղավորվելու և բիզնես ոլորտներ ներխոժելու գործով։ Այն, որ նախկինները բազմաթիվ սխալներ են թույլ տվել և երկիրը հասցրել այս վիճակին՝ դա գիտի ու ողջ ծավալով պատկերացնում է նույնիսկ փողոցում կանաչի վաճառող որևէ մեկը։ Բայց այն, որ դուք նրանցից ոչ միայն չեք տարբերվում՝ ձեր գործողություններով, «ախորժակով» և ճոխ կյանքվ, կեղծիքներով՝ դա ևս արդեն փաստ է։ Նախկինները չկան, հիմա դուք եք, գործ արեք ու հրաժարվեք էժանագին քայլերից։ Ստի ու կեղծիքի վրա ոչինչ չեք կառուցի։
Այո, դուք այն իշխանությունն եք, որ խեղճ գյուղացիներին ձեր մարզպետների հրահանգով ավտոբուսներով բերեցիք-հասցրեցիք Երևան՝ մարտի 1-ի ողբերգական դեպքերի հիշատակի օրվա երթին մասնակցելու համար զանգված ապահովելու և ձեր նեղ հարցերը լուծելու նպատակով, սրտաճմլիկ դեմքով մի-մի մեխակ դրեցիք զոհերի հիշատակին՝ տեսախցիկների առաջ, հետո անմիջապես նստեցիք «պադավատները» ու գնացիք Երևանի կաֆեներից մեկում տժժալու... Ստի վրա ոչինչ չի կառուցվում, ավազի վրա տուն չի կարող կառուցվել։
Արեգնազ Հովհաննիսյան