Միգուցե Նազենի Ղարիբյանը չի էլ իմացե՞լ, որ մենք երեկ չէ առաջին օրը «Արտավազդ» մրցանակ ենք ստացել, դա ինձ համար զարմանալի չի լինի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ ընդամենը մեկ օր առաջ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ մրցանակակիր դառնալուց հետո իրեն ազատեցին թատրոնի տնօրենի աշխատանքից, պատասխանեց Կոնստանտին Օրբելյանը:
«Այս ամենն ինձ շատ հետաքրքիր է: Այն ամենն, ինչ մենք արել ենք վերջին մեկ ու կես տարվա ընթացքում՝ իմ տնօրինության ժամանակ, ուղղակի աննախադեպ է ցանկացած թատրոնի համար: Հյուրախաղեր, նոր ներկայացումներ, այդ թվում հենց «Արտավազդ»-ը շահած «Չիպոլինո»-ն, որն անձամբ հենց Մեծ թատրոնից եմ գնել: Եթե այն չգնեի և չբերեի մեր թատրոն, ապա այսօր այսպիսի մրցանակ չէինք ունենա», – ընդգծեց հեռացված տնօրենը:
Կ. Օրբելյանը նկատեց՝ Նազենի Ղարիբյանի անհատական որոշումն է, որ իրեն անօրինական են նշանակել տնօրենի պաշտոնում.
«Անձամբ նա է համարում, որ պետությունը սրանից մեկ ու կես տարի առաջ իրավունք չի ունեցել ինձ նշանակելու: Թող ինձ ցույց տան փաստաթուղթ, որ 2017 թվականի հուլիսի 29-ին՝ իմ նշանակման օրը, հայոց լեզվին տիրապետելու մասին որևէ կետ կար: Միգուցե ես նրան ուղղակի դուր չե՞մ գալիս, չգիտեմ: Նա շուրջ 9 ամիս ինձ առաջարկում էր, որ հեռանամ, բայց ես ասել եմ՝ ոչ: Ես եկել եմ աշխատելու ու պարտականություններ ունեմ»:
Իր հետագա քայլերի մասին Օրբելյանն արդեն մտածել է: Կշարունակի՞ պաշտոնավարել որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, թե ոչ՝ պատասխանեց՝ դեռևս այստեղ եմ:
Ասում է՝ այս երկրում բոլորը սիրում են, որ կոլեկտիվ որոշումներ կայացվեն. կոլեկտիվն է որոշում՝ ինչպես կառավարվի երկիրը, թատրոնը և այլն:
Պաշտոնանկ արված տնօրենը խոստացավ՝ լինելու է մեծ ու աղմկահարույց դատավարություն, քանի որ իր ազատման որոշումը անօրինական է:
Հիշեցնենք, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանն ընդգծել էր, որ 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի առնվազն երկու կետի խախտմամբ: