Ճապոնական մշակույթի առանձնահատկություններին հայաստանաբնակներին ծանոթացնելու նպատակով մարտի 30-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում Իկեբանայի և Սումի-է գեղանկարչության վարպետության դաս անցկացրեց Իկենոբո սոկատոկուի պրոֆեսոր Միդորի Յամադան, տեղի ունեցավ նաև թեյախմության գեղեցիկ արարողություն:
«Նման միջոցառումների իրականացումն ընդարձակում է մեր աշխարհայացքը: Ներկաների իննսուն տոկոսը երեխաներ են. նրանք նոր զարգացող սերունդ են, նրանց հետաքրքրում է աշխարհը, այն, թե ուրիշ ժողովուրդներն ինչպես են անցկացնում իրենց առօրյան: Երեխաները կարող են դաստիարակվել` տեսնելով, թե ուրիշ մշակույթներն ինչ ավանդույթներ ունեն, որոնք կարևորում եմ: Քաջալերում եմ այսպիսի նախաձեռնությունների հաճախ կազմակերպումը:
Օրը թխպամած է, բայց այս փոքրիկ իրադարձությունը մի քիչ լույս, ուրախություն է բերում մեզ, և ես ուրախ եմ, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը տարածք է տրամադրել միջոցառմանը»,- նշեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը:
Անդրադառնալով թեյախմությանը` Նունե Սարգսյանը պատմեց, որ եղել է Ճապոնիայում և հենց այնտեղ է մասնակցել թեյախմության արարողությանը:
«Դա ճապոնական գեղագիտության բարձրագույն աստիճանն է: Նրանք դա անում են սիրով` պահպանելով բոլոր ավանդույթները: Ճապոնացիների արվեստի հիմքը մանրուքն է, դետալը. թեյախմության մեջ շատ կարևոր են այդ մանրուքները` շարժումները, ժպիտը, ծեսերի հաջորդականությունը: Թեյախմության ընթացքում զրուցել այնքան էլ չի ստացվում: Ըստ ավանդույթի`ճապոնացիներն ուղղակի ըմպում են թեյը` հաճույք ստանալով դրանից»,-ներկայացրեց նախագահի տիկինը:
Նա կարևորեց նաև հայկական թեյախմությունը, որը, ըստ տիկնոջ, գեղեցիկ արարողություն է: «Մեր գաթայով, մուրաբայով ուրցի, դաղձի թեյը հրաշալի են: Վստահ կարող ենք ասել, որ հայերն էլ ունեն թեյախմության ծիսակատարություն»,-եզրափակեց Սարգսյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շեշտեց, որ Ճապոնիան ունի հարուստ մշակույթ և պատմություն: Ճապոնական մշակույթի կարևոր մասն են կազմում թեյախմությունը և Սումի-է գեղանկարչությունը:
«Կարծում եմ` Միդորի Յամադան շատ նվիրական գործ է անում` ամբողջ աշխարհում ներկայացնելով ճապոնական մշակույթը: Այստեղ ներկաներին հիանալի հնարավորություն է ընձեռվել Յամադայից հմտություններ սովորելու համար»,-ասաց նա` շնորհակալություն հայտնելով «Երևան, իմ սեր» հիմնադրամին իրենց հյուրընկալելու համար:
«Սա գարնանային ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է 13 տարի շարունակ: Տասը տարի է, ինչ «Հիկարի» կենտրոնը ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում: Այս տարիների ընթացքում ճապոնական մշակույթը Հայաստանում ներկայացնելու նպատակով անցկացվել են ճապոնական ազգային հագուստի ցուցադրություններ, թեյախմության արարողություններ, իկեբանայի վարպետության դասընթացներ ոչ միայն Երևանում, այլև Էջմիածնում»,-ընդգծեց «Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը: Նա տեղեկացրեց, որ իկեբանան ծաղիկների հարդարման ճապոնական արվեստ է, որն ունի տարբեր ուղղություններ:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և «Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը։