Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին տեղացած ձյան արդյունքում մարտի 30-ի կեսօրվա դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ ճանապարհաշինարարները մի շարք ուղղություններում իրականացնում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, առավել շատ տեղումներ նախորդ գիշերվա ընթացքում գրանցվել է Սևանի ու Ճամբարակի տարածաշրջաններում, որտեղ ձյան շերտը կազմել է 25-40 սանտիմետր, իսկ Մարտունու և Գավառի տարածաշրջաններում այն կազմել է 5-10 սանտիմետր:
«Սևանի ու Ճամբարակի տարածաշրջաններում տեխնիկան աշխատել է՝ մարտի լույս 30-ի գիշերվա ու ցերեկվա ընթացքում՝ մաքրելով ինչպես միջպետական ու հանրապետական, այնպես էլ համայնքային նշանակության ճանապարհները, ինչի շնորհիվ հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Այս պահին դժվարանցանելի են Անտառամեջ ու Կալավան տանող ճանապարհները, որոնց մաքրման ուղղությամբ այժմ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մարտունու ու գավառի տարածաշրջաններում տեղացած ձյունը տրանսպորտային երթևեկության համար առայժմ խնդիրներ չի ստեղծել, իսկ Վարդենիսում այս պահի դրությամբ դեռ ձյան տեղումներ չեն սկսվել»,- ներկայացրեց Գևորգ Խաչատրյանը: