«Ռուս լրագրղը Հադրութում անընդհատ փորձում էր մարդկանցից խուճապային խոսքեր քաշել». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Ռուս լրագրղը Հադրութում անընդհատ փորձում էր մարդկանցից խուճապային խոսքեր քաշել». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․ «Ապրիլյան պատերազմի օրերին մեծ թվով արտասահմանյան լրագրողներ էին եկել Արցախ: Շատերը ուզում էին իրադարձությունների վայրից տալ օպերատիվ տեղեկություն, որոշներն էլ հատուկ նպատակ ունեին՝ ցույց տալ, թե Արցախը ուր որ է ծնկի է գալու, բնակչությունը համատարած փախչում է:

Մեզ հետ Հադրութ եկավ 2 ռուս և 1 իտալացի լրագրող: Ռուսներից մեկը Հադրութում անընդհատ փորձում էր մարդկանցից խուճապային խոսքեր քաշել, որ տեսախցիկի առաջ ասեին, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել: Իտալացի լրագրողը թեև հարցազրույցներ չէր անում, բայց տեղացիներին խնդրում էր ցույց տալ այնպիսի վայրեր, որոնք մեծ վնասներ են կրել հարձակումներից, ցույց տալ լքված տներ: Նրանք, իհարկե, չէին կարող Հադրութում ստանալ այն, ինչ ուզում էին:

Մեկնեցինք Ջրական (Ջաբրայիլ): Մեր հասնելուց ժամեր առաջ թշնամին Սմերչ-ով 2 արկ էր կրակել, մեկը ճանապարհին էր ընկել: Հայկական հրետանին աշխատում էր անդադար, թեև Ադրբեջանից ևս հրետանու կրակը չէր դադարում:

Ջոկատի հրամանատարը ոգևորված պատմեց, որ մեր հետախույզները կարողացել են շարքից հանել թշնամու մի քանի Հաուբից:

Նոր զոհեր ունեինք, բայց դիակ տեսնելը մի տեսակ սովորական էր դարձել:

Չընդատվող կրակի ու ադրբեջանական դրոնների ուղեկցությամբ մեկնեցինք Մարտունի: Մեծ թվով կամավորականներ էին զինվորներին օգնության եկել: Հայկական բանակի ոգևորությունը գնալով մեծանում էր, քանի որ տարբեր հատվածներում մերոնք սկսել էին ազատագրել առաջին օրը կորցրած դիրքերը:

Ակնայում (Աղդամ) մերոնք լավ վիճակում էին, ավելին՝ ցանկացած պահի կարող էին առաջ գնալ. սպասում էին հրամանի: Ադրբեջանական մեծաթիվ տանկերը կանգնած էին սահմանին: Ակնայում դաժան մարտ էր սպասվում, բայց Ստեփանակերտից հրամանը ուշանում էր:

Շարունակելի»:



Նման նյութեր