«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ առանձնապես դաժանությամբ բռնություն կիրառելու և իրեն խոշտանգելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Այս մասին քիչ առաջ հայտարարեց հենց Հարությունյանը:
Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն ծեծի են ենթարկել Ներքին զորքերի նախկին հրամանատար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) ներկայությամբ: Նրա խոսքերով, այդ օրը, իրեն մեքենայով տարել են Գրիգորյանի մոտ, և երբ ինքը մոտեցել է վերջինիս և բարևել, Գրիգորյանը հարվածել է իրեն, ինքն ընկել է գետին, և մի քանի հոգով սկսել են ծեծի ենթարկել իրեն:
Հարությունյանը պահանջում է գտնել բոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել: