Եթե ինքնուրույն ծրագրավորում եք սովորում և ամեն կերպ փորձում եք մոտիվացնել ձեզ, ապա առաջարկում ենք ծանոթանալ learntocodewith.me-ի բլոգեր Լոուրեն Բրեդֆորդի (Laurence Bradford) խորհուրդներին, որոնք ուղղված են սկսնակ ծրագրավորողներին:
Սովորելու համար գտեք ճիշտ մոտիվացիա:
«Ինչո՞ւ եմ ծրագրավորում սովորում» հարցի հստակ պատասխանը կօգնի Ձեզ կենտրոնանալ: Անպայման ընդգծեք Ձեզ համար կոնկրետ նպատակ:
«Ուզում եմ կարողանալ»-ը և «լավ կլիներ սովորելը»-ը վատ նպատակներ են:
Լավ նպատակի օրինակներ են՝
Առաջընթաց գրանցել կարիերայում:
Փոխել զբաղմունքների շրջանակը:
Սեփական ծրագրերի շնորհիվ շատ գումար աշխատել:
Զարգացնել սեփական նախագիծը, հիմնել ստարտափ:
Հիշեք, որ վերջնական նպատակը կօգնի դժվարությունների պահին:
Նպատակի մասին անընդհատ հիշելու համար գրեք այն երևացող տեղում, դրեք հեռախոսի կամ համակարգչի էկրանին:
Ընտրեք ճիշտ լեզու
Ծրագրավորում սովորելիս միշտ կանգնում ենք ծրագրավորման լեզու ընտրելու խնդրի առջև: Պետք չէ երկար ժամանակ վատնել իդեալական լեզու փնտրելու համար: Սկսենք ծրագրավորման այն լեզվից, որը տվյալ պահին ձեզ ավելի է դուր գալիս, կամ ավելի հիմնային է: Ծրագրավորման մեկ լեզվից մյուսը անցնելը բավականին հեշտ է, այնպես որ, հետագայում կարող եք փոխել ձեր որոշումը:
Կազմեք օրակարգ
Պարապմունքների և կատարվող աշխատանքի մասին արված գրառումները կօգնեն համակարգված աշխատել: Կազմեք գործողությունների օրակարգ և հետևեք դրանց:
Կենտրոնացեք մեկ գործի վրա
Շատերը մտածում են, որ կարող են անել մի քանի գործ միանգամից: Դա ամենամեծ սխալն է: Մի ուսումնասիրեք միանգամից HTML, JavaScript, Swift, հակառակ դեպքում գուցե խելագարության հասնեք:
Առաջ գնացեք փոքր քայլերով
Ծրագրավորման լեզուն շատ բարդ է, այնպես որ, աշխատեք առաջ գնալ փոքր քայլերով: Բաժանեք նյութը մի քանի կոնկրետ մասերի: Ուսումնասիրեք մի մասը, և միայն ամբողջությամբ հասկանալուց հետո անցեք մյուսին:
Փոխեք միջոցները
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան շատ են լինում ինֆորմացիան ստանալու միջոցները, այնքան լավ եք տիրապետում դրան: Այդ իսկ պատճառով Լոուրեն Բրեդֆորդը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ սովորելու միայն մեկ միջոցի վրա:
Սովորեցրեք ուրիշներին
Սովորած նյութն ուրիշին բացատրելու ընթացքում դուք զգում եք բոլոր բացթողումները: Այդ իսկ պատճառով, երբ որոշում եք ամփոփել ուսումնասիրության մեկ հատվածը, սկսեք բացատրել այն մեկ ուրիշին: Կարող եք անգամ նկարահանել ուսուցողական հոլովակներ և տեղադրել YouTube-ում:
Գտեք համախոհի
Գտեք մեկին, ով նույնպես ցանկանում է սովորել ծրագրավորման լեզուն: Միասին աշխատանքի ընթացքը քննարկելը և նախապատրաստելն ավելի հաճելի կդարձնի սովորելու գործընթացը:
Գտեք խորհրդատուի
Գտեք մեկին, ով պրոֆեսիոնալ է ոլորտում, և նրանից խորհրդատվություն հարցրեք: Անձամբ հանդիպելն այստեղ անհրաժեշտություն չէ: Կարող եք գտնել ձեր խորհրդատուին համացանցային ֆորումներում կամ մասնագիտական խմբերում:
Սովորելու գործընթացում խաղային էլեմենտներ ավելացրեք
Ձեզ համար մտածեք կանոններ և այդ կանոնները խախտելու դեպքում գործող պատիժներ: Այս միջոցով կդառնաք ավելի պատասխանատու և կենտրոնացած: Մտածեք նաև խրախուսական պարգևներ: Օրինակ, գիրքը կարդալուց և սովորելուց հետո գնեք ձեզ համար այն իրը, որը երկար ժամանակ ցանկացել եք:
Սիրարփի Աղաբաբյան