Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ մարտի 27-ից ապրիլի 2-ը երկրաշարժ չի գրանցվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝
- Մարտի 27-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
- Մարտի 28-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք 5-6 բալ։
- Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 1-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 4-5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է հինգ երկրաշարժ: Մարտի 28-ին 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Կուրիլյան կղզիների արևելյան մասում: Մարտի 30-ին Պապուա Նոր Գվինեայի Կիմբե քաղաքից 100 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Նույն ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 31-ին Էկվադորի ափամերձ տարածքում՝ Սալինաս քաղաքից 31 կմ հյուսիս: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Մավրիկիոս-Ռեյունյոն շրջանում: Ապրիլի 2-ին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: