ՀՀ կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց ԱԳԼՃԿ- ներում գազի գնի փոփոխության մասին լուրերի մեկնաբանությունից:
Նա բացատրություն պահանջեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կուտոլյանից:
Վերջինը գազի գնի տատանումները վերագրեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից մատակարարվող գազի խտության փոփոխությանը:
Նրա խոսքով` վերջին 3-4 օրվա ընթացքում գազի խտությունն աճել է, որի համար սպառողները ստիպված են եղել ավելի վճարել:
Կուտոլյանը նշեց, որ նման դեպքերում գազալցակայանները պարտավոր են ամեն օր վերահսկել իրենց մատակարարվող գազի խտությունը և կատարել անհրաժեշտ կարգավորումներ, որպեսզի գազի խտությունը չփոխվի ու սպառողը ստիպված չլինի ավելի վճարել:
«Մենք սա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- ասաց նա: Վարչապետը հարց ուղղեց, թե կարող է արդյոք այս գործողությունը կապված լինել կառավարության նախաձեռնած ստվերի կրճատման գործընթացի հետ: Կուտոլյանը չբացառեց նման հնարավորությունը:
Բայց և հիշեցրեց, որ ԱԳԼՃԿ-ներն ունեն հնարավորություն գազը և՛ խմ-ով, և՛ կգ-ով հաշվարկելու: Կարող են նաև համակարգիչ մուտք անել խտության գործակից: Ուստի ցանկության դեպքում կարող են լիարժեքորեն վերահսկել գազի բոլոր չափանիշներն ու խուսափել գնի տատանումներից:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ կառավարության առաջարկած օրենսդրական նոր կարգավորումները չեն կարող գազի գնի փոփոխության պատճառ դառնալ:
«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, չարաչար սխալվում են: Ես էլի զգուշացնում եմ, արդեն վերջին անգամ`մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանա: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական»,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց արագ արձագանքել ու շատ խիստ պատժի ենթարկել մանիպուլյացիաներ անող օլիգարխներին: Նաև շեշտեց, որ պետք է վերահսկվի նաև ՀԴՄ-ների տրամադրման գործընթացը:
«Եթե ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ տալով պիտի սնանկանան, թող սնանկանան: Մեզ ժողովրդի ու պետության հաշվին հարստացողներ պետք չեն»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք`կառավարությունը համապատասխան օրենսդրական փաթեթ է ներկայացրել ԱԺ, որով նախատեսվում է գազը ԱԳԼՃԿ-ներում վաճառել ոչ թե խմ-ով, այլ կիլոգրամներով: Սա, կառավարության համոզմամբ, կնպաստի այդ ոլորտում չարաշահումների բացառմանն ու ստվերի կրճատմանը:
Օրենսդրական փաթեթը նախատեսվում է քննարկել և ընդունել ապրիլի 8-ին նախանշված արտահերթ նիստում: