«Պաշտոնեական անգործություն. մեղադրում եմ». Հրանտ Մաթևոսյանի կնոջ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Պաշտոնեական անգործություն. մեղադրում եմ». Հրանտ Մաթևոսյանի կնոջ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ

Սիրելի Նիկոլ

Մարտի 31-ին քո քայլարշավի մեկնարկի` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկնարկի մեկ տարին, նաև իմ ութսունմեկ տարին լրացավ:

Փետրվարի 12-ը` Հրանտ Մաթևոսյանի ծննդյան պայծառագույն օրը դու բացեցիր նրա «Ծառերը»-ի առաջին պարբերությունից մի հատված կարդալով: Ահա չափաձող, ահա ուղենիշ: Աշխարհն ասում է` ահա Կանոնը: Կանոնը, երբ այո, սանդղացուցակ ունես, թե գիտնականդ, զորականդ, գրողդ, երաժիշտդ ով է, ու աշխարհից էլ գիտես, թե ով է քեզ համար գրող, գիտնական, երաժիշտ: Եվ ոչ ոք մնացածին չի անտեսում, չի անիրավում: Նրանք էլ իրենց երկրորդ, վեցերորդ, քսաներորդ տեղում են:

Ահա ուրեմն ինչ պիտի այսօր լիներ և քննվեր ասպարեզում` Մշակույթի` այսինքն հասարակության և պետության գիտակցությունը և կամքը և զորությունը ձևավորող ասպարեզում: Եվ… ինչ կա և ինչ է քննվում արդ իբր մշակութային ասպարեզում. մի գորշությունն այլ գորշությանն ընդիմախոս` կալել են հրապարակը: Գորշությունն է արշավի ելնում: Եվ հաղթարշավի հավակնություններ ունի: Հաղթեց` գորշությունն է, պարտվեց գորշությունն է: Ասպարեզն իրենն է: Եվ ինքզինքը Մշակույթ է հորջորջել: Եվ աչքդ չթարթած` գաղափար ու կարգախոս ու սրբություն ապականելով` իրենով է անելու, շրջի երկրի դեմ, այլև վերստին գլուխը անցնի երկրի: Չկասկածես. Չի հեռացել, այստեղ է, ստվերում է առայժմ, վերախմբավորվում է, ուժ առնում, քեզ է փորձում ու ամեն քո վրիպումից հաղթանակ կերտում իր համար: Այստեղ է, մեր կողքին, մեր միջև: Այստեղ է` բարեկամ, թե թշնամի, կուսակից, թե ընդդիմախոս: Այստեղ է` ՆԱ,ԴՈւ, թե ԵՍ կոչվի:

Կանոնը չկա, չափաձողը չկա: Եվ քանի դեռ չկա` անընդհատ տապալվելու ենք. ահա ինչը պիտի այսօր քննելիս լինեինք քեզ հետ, ինչը պիտի արդեն քանի ամիս սկսած լինեիր ձևավորել դու: Մինչդեռ… Մինչդեռ անցած այս մեկ տարին` հաղթական տարին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարան»-ի անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ` բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ: Կենտրոնի հայեցակարգից հարցնելու փոխարեն, փողոցում անտեր թողած կառույցը հաշվեկշռի չվերցնելու խաղին է եղել, քաղաքաշինական գաղափարը տեսնելու փոխարեն, շենքի երրորդ հարկի բացակա-ներկան է արել երկրիս կառավարությունն այս մի տարում: «Նիկոլը գիտի՞» հարցրել են, «Նիկոլին ասե՞լ եք» հարցրել են միայն պատկան պաշտոնյաներից ամենաանկեղծները: Պաշտոնեական անգործություն: Էսքանը: Մեղադրում եմ:

2020-ի փետրվարին Հրանտ Մաթևոսյանը կդառնա 85 տարեկան: Աշխարհում ու այստեղ Հրանտին ճանաչած երևելիների ամբողջ սերունդ հեռացավ: Վերջիններն են հեռանում: Ասել է` գիտելիք հեռացավ առանց սերունդներին տրվելու: «Բրենդ» չարչրկված եզրը բուն իմաստով ու կշռույթով տես – ահա դա է, այդ մասին է ասածս: Ու չեմ խոսելու էլ ոչ մի բառ տգեղ, տգետ, ճապաղ, անմիտ այս ամիսների մասին: Չեմ տալու ոչ մի սնանկ անուն: Չափազանց շատ է ասվել, չափազանց շատ խոսք է շռայլվել, փորձելով հաղթահարել բթամտությունն ու չկամությունը: Ամոթ է: Անարդար է:

Հրանտն է ասել. «Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»: Կարծեմ թե այսօր ավելի քան քո մասին է: Ու դու դա գիտես: Ու սա այսօր նաև հրամայական է քեզ համար, երկրի համար: Պարզագույն ինքնապահպանության հրամայական:

Առանց նշաձողի, առանց մեկնարկի կետի, առանց Կանոնի տանուլ ենք տալու:

Քայլ արա, ասում եմ, քայլ արա: Խոսիր ինձ հետ:

4. 04.2019

Միշտ սիրով` Վերժինե Մովսիսյան»:



Նման նյութեր