– Կան ֆեյք երկրներ, ֆեյք գաղափարներ, ֆեյք մարդիկ, ֆեյք պատմություն, ֆեյք ինքնություններ, ֆեյք ապրանքներ, բայց դրանք այնքան շատ են, որ մենք դրանց ընդունում ենք իբրև կյանքի ելային իրողություններ։
– Սահմանված բոլոր իրողություններն այլընտրանքային են։
– Այլընտրանքային իրականություն գոյություն չունի։
– Ուրեմն ամեն ինչ ֆեյք է։
– Ամեն ինչ ֆեյք է, քանի դեռ չենք պայմանավորվել հակառակում։
– Ֆեյքագիտությունը չի զբաղվում այն դեպքերով, որոնք պայմանավորված են իբրև հավաստի կամ գիտակցված չեն իբրև ֆեյք։
– Ֆեյքագիտությանը հետաքրքրի են միայն երկրորդ աստիճանի ֆեյքերը՝ նրանք, որ ստեղծված են իբրև ֆեյք՝ իբրև պայմանական իրողության ճշմարտատիպ, շահադիտական նմանակում։
– Ֆեյքագիտությունը գիտություն կամ արվեստ չէ, քանի որ դրանք նույնպես այլընտրանքային իրողություններ են, այն հղկվող վերդիսցիպլինար տեխնոլոգիական արհեստ է։
– #Ծկուլը տեղեկատվական ֆեյքագիտության ինքնուս է, քանի որ փորձագիտական դիրքավորումը նույնպես ֆեյքություն է։
– Տեղեկատվական ֆեյքագետի առաջին գործիքը՝ ինչու հարցադրումն է, եթե գիտես ինչու, ուրեմն գիտես ճշմարտության կեսից ավելին։
– Ֆեյքագետի ոսկե կանոնը՝ բոլորն էլ սխալական են, բայց միայն օրհնյալներն են իրենք իրենց և ուրիշներին խոստովանում և ամրագրում այն ինչ արդեն ճանաչել են իբրև ֆեյք։
– Բոլոր վատ լուրերը չէ, որ ֆեյք են, բայց ֆեյք լուրերը գրեթե միշտ վատն են։
– Բոլոր լավ լուրերը չէ, որ ֆեյք են, բայց լավ լուրերը գրեթե միշտ ֆեյք են։
– Ֆեյքությունները դասակարգվում են ըստ իրենց նպատակի՝ ֆեյքամտություն հանուն զվարճանքի, ֆեյքաշենություն հանուն գեղարվեստական էքսպրեսիայի, ֆեյքամարտություն հանուն քաղաքական կամ կոմերցիոն շահի, ֆեյքակոծությունն իբրև հանրային վարքի հետազոտության գործիք։
– Տեղեկտվական ֆեյքոլոգիան առանձնացնում է հետևյալ սուբյեկտ-միավորներին՝ ֆեյք օգտատեր, ֆեյք քաղգործիչներ (քաղգործիքներ), ֆեյք փորձագետներ (կամ պարզապես փորձագետներ), ֆեյք լրատվական (լրաթվական), ֆեյք լուրեր, ֆեյք վերնագրեր, ֆեյք կառույցներ, ֆեյք կոնֆլիկտներ, ֆեյք դիսկուսրներ և այլն։
– Ֆեյքը հետևողական է։
– Ֆեյքը հղվում է ֆեյքին։
– Սրա նման աֆորիզմանման պնդումների ցանկը ֆեյքաբույծ տեսաբանների սիրելի գործիքն է։
– Ֆեյքը ակտիվ է։
– Հեռատես և հաշվենկատ ֆեյքը դանդաղորեն սերտաճում է ճշմարտությանն ինչպես միսը ոսկորին։
– Ֆեյքամոլությունը ֆեյքագետի ամենամեծ մոլորությունն է, քանի որ միշտ չէ, որ ֆեյք է այն ամենն ինչ դու չգիտես, կամ չես կարող երևակայել։
– Ֆեյքը ճշմարտության տեղ ընդունող և այն համառորեն պաշտպանողները ֆեյք չեն, նրանք հպարտ քաղաքացիներ են։
– Հպարտ քաղաքացիները միշտ մեծամասնություն են, բայց ֆեյքերն ու ֆեյքաբույծներն ավելի մեծ աղմուկ են գոյացնում։
«Ստատուսչի Ծկուլի
աներևակայելի ճամփորդությունը դբա լավը»
դրվագ 11
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: