Այսօր Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր կնոջ ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել:
Հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս նշեց, որ այսօր կազմակերպված լսումներն ունեին մեկ օրակարգ, որը վաղուց քննարկվել և հաստատվել էր, և ոչ ոք իրավունք չուներ այդ հարցերից զատ այլ թեմաների անդրադառնալ:
«Այդ թեմաների անվան տակ գրանցվել էր «Իրավունքի կողմ» ՀԿ-ն, և անվանումից այնպիսի տպավորոթյուն է, որ պետք է խոսել հենց այնպիսի թեմաներից, որոնք վերաբերում էին դատաիրավական բարեփոխումներին կամ երեխաների իրավունքներին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ իր կարծիքով այս ամենը նախապես կազմակերպված սցենար էր, և դահլիճում նստած որոշ մարդիկ տեղյակ էին` ով է նա և ինչ թեմայով է մոտենալու ամբիոնին:
«Ես օգտվել եմ նիստը վարողի իմ իրավունքից, քանի որ այդ ամենն անարգանք եմ համարում խորհրդարանի հանդեպ: Որևէ մեկն իրավունք չունի խեղել նախապես մշակված օրակարգը և այդպիսի բան իրեն թույլ տալ»: Հարցին` ում կողմից է կազմակերպված համարում, Զոհրաբյանը խուսափեց անուններ տալ, սակայն նշեց, որ այն անձանց կողմից է կազմակերպված, ովքեր բուռն ծափահարեցին այդ ելույթին:
Մյուս հարցին` ինչպես է տեղի ունեցել գրանցումը, Զոհրաբյանը պատասխանեց, որ լսումների անցկացման մասին տեղեկությունը եղել է ԱԺ կայքում, և գրանցումը բաց է եղել այնպես, ինչպես նախկինում: