Ճարպային պատերազմը հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանի և Էրիկ Անթառանյանի միջև մեկնարկեց երկու ամիս առաջ։ Առաջին ալիքի առավոտյան ծրագրի՝ «Առավոտ լուսո»-ի շրջանակում, նրանք նիհարելու և առողջ ապրելակերպի հանրային մարտահրավեր նետեցին իրար։ Հեռուստադիտողի աչքի առաջ «հալումաշ» եղած հաղորդավարներն իրենց սննդային «զրկանքների» մասին պատմել են Tert.am Life-ին։
Մարտահրավերի 60 օրն արդեն անցյալում է՝ Մամիկոնը կորցրել է 14 կգ, իսկ Էրիկը`16։ Tert.am Life-ը հաղորդավարների հետ ամփոփել է անցած օրերը, զրուցել նրանց էմոցիաներից ու որոշ գաղտնիքներ պարզել նիհարելու մասին։
Եթե մրցույթ, ապա հաղթող և պարտվող կողմեր։ Հաղթող կողմը՝ Էրիկ Անթառանյանը, վստահ է՝ նախագիծն իրեն միայն հաղթանակ չէ, որ տվել է․ «Դա ի սկզբանե մրցույթ էր, որն ուներ նպատակ և մեզանից մեկը պետք է գրանցեր մի փոքր ավելի լավ արդյունք։ Այս ամենն ինձ տվեց սահմանված հստակ կարգապահություն, բոլորովին այլ ապրելակերպ, առողջ կենսակերպի մղում։ Մոտենալով արդեն 40 տարեկանի սահմանագծին, մի պահ թվում է, թե մարզվելիս շատ բան չես կարող անել, բայց այս նախագծի շնորհիվ ինքս իմ մեջ բավականին շատ բացահայտումներ արեցի։ Սա ինձ համար որևէ բանի ավարտ չէր, սկիզբ էր։ Քաշի կորուստ, կարծում եմ, կշարունակեմ գրանցել, բայց ոչ թե հանրայն մրցույթի կամ մարտահրավերի, այլ ինքս ինձ հետ մրցույթի շրջանակում»։
Հաղթել-պարտվելու մասին հարցին Մամիկոնն ունի առավել փիլիսոփայական մոտեցում, իր գրանցած արդյունքը, ըստ հաղորդավարի, բավականին լուրջ է․ «Հաղթողն Էրիկն է, շնորհավորում եմ նրան, քանի որ մրցույթ է՝ պետք է հաղթող լիներ։ Եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, ապա յուրաքանչյուրս մեզ ենք հաղթել։ Օրինակ ես հաղթել եմ ինքս ինձ, ինչն ինձ համար առաջնային է, պարտությանը նույն տեսանկյունից եմ նայում՝ ես պարտվեցի ոչ թե Էրիկին, այլ առաջին հերիթին ինքս ինձ, իմ ներսում ապրող նոր տղային, որին դեռ չէի ճանաչում»։
Հաղորդավարները նիհարելու այս ամիսների ընթացքում ձեռք են բերել հիմնավոր գիտելիքներ, փորձ և կարգապահություն։ Նրանք այս ընթացքում շատ փորձությունների միջով են անցել, բայց երկուսն էլ կարևորեցին, որ ընդամենը որոշ ժամանակ էր պետք, որպեսզի կարողանային ինչ–որ բանից հրաժարվել ոչ թե ստիպողաբար, այլ գիտակցված։ Փորձն ու գիտելիքները կիսելու հարցումն նրանք առատաձեռն են։
Ամբողջությամբ՝ life.tert.am