Ի՞նչ սկզբունքների վրա է կառուցվում ինքնավստահ, հաջողակ, երջանիկ կանանց կյանքը։
- Նա ամենավաղ տարիքից սովոր է հույս դնել միայն իր վրա
Նույնիսկ, եթե նա հիանալի ծնողներ է ունեցել, շատ բարեկեցիկ մանկություն, այնուամենայնիվ, նա չի համարում, որ ինչ-որ մեկն իրեն ինչ-որ բան է պարտք, կամ, որ այդ բարեկեցությունը նրա համար ցմահ է երաշխավորված։ Նա հույսը դնում է իր սեփական ջանքերի, հնարավորությունների ու ունակությունների վրա։
- Նա ինքնաբավ է
Նրան ուրիշ մարդիկ պետք չեն, մասնավորապես՝ տղամարդիկ, իրենց սեփական խնդիրները լուծելու համար։ Եվ նույն կերպ էլ այդ մարդիկ հաջողակ կնոջը պետք չեն իրեն երջանիկ զգալու համար։ Նա լուծում է իր խնդիրներն ու իրեն դրանով իսկ երջանիկ դարձնում։ Ուրիշ մարդիկ նրա համար պարզապես գեղեցիկ ածանցյալներ են, որոնք զարդարում են նրա կյանքը։
- Նա անկախ է՝ այդ բառի բոլոր իմաստներով
Եվ առաջին հերթին՝ ֆինանսապես։ Սովորաբար այդպիսի կանայք դեռ պատանի հասակից մտածում են այն մասին, թե ինչպես և որտեղ պետք է գումար վաստակեն։ Նրանք շուտ են լքում հայրական տունը, նրանց չի վախեցնում այլ քաղաք կամ երկիր սովորելու նպատակով մեկնելու հեռանկարը։ Նրանք գիտեն, որ դա իրենց պետք է սովորելու, զարգանալու ու աճելու համար։
Այդպիսի աղջիկներն արդեն 25 տարեկանում ունեն հասկանալի կարիերային պլան, ոմանց ուսերի հետևում արդեն աշխատանքային պատկառելի փորձ կա ու կարիերայի աստիճաններով կատարած մի քանի քայլ։ Պարտադիր չէ, որ այդ քայլերը դեպի վեր լինեն՝ այն իմաստով, որ բոլորը չէ, որ ուզում են ղեկավար դառնալ։ Դա կարող է լինել ինչ-որ գիտական բացահայտում, գրված գիրք, ինչ-որ օգտակար ծրագրի ստեղծում և այլն։ Խոսքն այն մասին է, որ 25 տարեկանում այս աղջիկն արդեն ինչ-որ բան արել է, այլ ոչ թե նոր-նոր ինչ-որ բան է պլանավորում ու ենթադրում՝ հազար ու մի պատճառ գտնելով, թե ինչու իր մոտ ոչինչ չի ստացվում։
- Նա օգնություն չի խնդրում
Այսինքն՝ նրանք, իհարկե, կարող են նաև օգնություն խնդրել, բայց դա միշտ կնշանակի, որ արդեն փորձված է ամեն ինչ, որ նա վերլուծել է իրավիճակը, ինքնուրույն խնդիրը հաղթահարելու մի քանի փորձեր է կատարել, վերջնականապես համոզվել է, որ իր անձնական պոտենցիալը չի բավականացնում… Եվ միայն այդ ժամանակ նա կփորձի փնտրել նրան, ով կարող է օգնել։ Բայց քանի դեռ նա չի համոզվել, որ խնդիրը չի լուծվում առանց կողմնակի անձանց ներգրավելու, արտաքին ռեսուրսի, նա երբեք ոչ ոքից օգնություն չի խնդրի։ Եվ ճիշտ էլ կանի։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այդ գիծը դրսևորվում է դեռևս դպրոցում։ Մաթեմատիկայի անլուծելի խնդրի հետ բախվող աղջնակը նախ կփորձի ինքը լուծել այն, և արդեն հետո՝ երեկոյան, համոզվելով, որ չի կարողանում ինքնուրույն գլուխ հանել, նոր կգնա մայրիկի կամ հայրիկի մոտ օգնության խնդրանքով։ Ապագա չկայացած կանայք իրենց այլ կերպ են պահում։ Առաջին իսկ դժվարության դեպքում նրանք խնդրում են, որ մեկ այլ մարդ այդ խնդիրը վերցնի իր վրա։
- Նա փոխզիջումների չի գնում
Նրանք չեն վախենում, որ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվի, որ իրենք միայնակ գլուխ չեն հանի, որ իրենց պետք է այլոց աջակցությունը։ Այս աղջիկները հեշտությամբ լքում են ձանձրալի կուրսերը, այս դեռահասներն իրենք են որոշում՝ ուր գնան սովորելու և ում հետ լինեն, այս ուսանողուհիները կուրսային աշխատանքներ չեն գնում, քանի որ իրենց համար հետաքրքիր է իրենց ընտրած ուղղությունը, այս աղջիկները չեն հանդիպում այնպիսի տղաների հետ, ովքեր իրենց չեն գնահատում։ Նրանք առանց ափսոսալու մի կողմ են նետում այն ամենը, ինչը չի տեղավորվում «Իմ ուզածի պես» անվանումով կտավի վրա։ Եվ ի հեճուկս նախանձողների՝ արդյունքում ստանում են այն մասնագիտությունը, այն ամուսնուն ու այն կենսակերպը, որն իրենք էին ուզում։
Փոխզիջումների չգնալը նաև աշխատանքին է վերաբերում։ Այդպիսի կանայք չեն աշխատի ստորացուցիչ ցածր աշխատավարձով, չեն հանդուրժի աշխատանքի նվաստացուցիչ պայմաններ, չեն դիմանա ու չեն լռի ղեկավարի կոպիտ վերաբերմունքի կամ գործընկերների ոտնձգությունների դեպքում։ Նրանք հստակ դիրքորոշում կհայտնեն հարցի շուրջ, և, եթե ոչինչ չփոխվի, կհեռանան այդ աշխատանքից ու այլ աշխատանք կգտնեն։
- Նա երբեք ոչ ոքի հետ չի համեմատում իրեն
Նա չի մրցում ոչ իր ընկերուհիների, ոչ բարեկամների, ոչ գործընկերների հետ, չի համեմատում ձեռքբերումները, նյութական վիճակը կամ կարգավիճակը։ Նա հիանալի հասկանում է, որ միշտ կգտնվի մեկը, ով ավելի երիտասարդ է, սլացիկ, բարեկազմ, հարուստ, հաջողակ։ Նա իրեն համեմատում է միայն իր հետ նախկինում ու գնահատում բացառապես տվյալ շրջանի իր սեփական ձեռքբերումները։
- Նա գոհ է իր արտաքինից։
Նա չի ուզում փոխել իր քթի ձևը, մեծացնել շուրթերը կամ կուրծքը, նա շարունակ դիետաների չի հետևում ու իրեն չի խարազանում խմորեղենի ավելորդ կտորի համար։ Նա հետևում է իրեն, հոգ տանում իր արտաքինի մասին, նա թքած չունի իր արտաքին տեսքի վրա. դա կարևոր է հասկանալ։ Պարզապես նա հոգ է տանում այն արտաքինի մասին, որն արդեն ունի, այլ ոչ թե փորձում է ստեղծել այն արտաքինը, որը չունի։
- Նա չի ձգտում ամուսնանալ
Եվ դա՝ ոչ թե այն պատճառով, որ պահանջված չէ, բոլորովին էլ ոչ։ Նա կարող է բազմաթիվ սիրեկաններ ունենալ, բայց չցանկանալ նրանցից որևէ մեկի հետ ընտանիք կազմել։ Մանկամիտ ու թույլ տղամարդը նրա համար հետաքրքիր չի, իսկ խելացի, ամբիցիոզ ու դեպի իր ընտանիքը միտված տղամարդիկ առանձնապես շատ չեն։ բարեբախտաբար, դա քիչ է անհանգստացնում կայացած կնոջը, քանի որ նա իր երջանկությունն այլ մարդկանցից, ինչպես արդեն գիտենք, կախվածության մեջ չի դնում։
- Նա չի ընդունի ոչ հավասար իրավունքների առկայություն
«Տղամարդ-բարեգործ» դիրքորոշումը նրա համար բացարձակապես անպատկերացնելի բան է։ Այդպիսի կնոջ հետ կարելի է շփվել միայն՝ որպես հավասարը հավասարի հետ։ Միևնույն ժամանակ կարևոր չէ, թե ով է ավելի հարուստ, հեղինակավոր, կամ ով է ավելի բարձր պաշտոն զբաղեցնում։ Նա հավասարի դիրքերից կշփվի պետական խոշոր կազմակերպության ղեկավարի ու խանութի գանձապահի հետ։ Նա երբեք իրեն թույլ չի տա կոպիտ խոսել մատուցողի հետ, բայց և թույլ չի տա, որ իր հետ վատ տոնով խոսի, ասենք, այն մարզական ակումբի սեփականատերը, որտեղ նա մարզվում է։
- Նա երբեք չի համաձայնի չաշխատել
Նույնիսկ, եթե նրա հաշվեհամարին միլիարդներ լինեն, նա, միևնույն է, կաշխատի, քանի որ հարցն այստեղ բոլորովին էլ փողի մեջ չէ։ Նա իրացնում է ինքն իրեն, տարված է իր աշխատանքով, և նրա մտքով անգամ չի անցնի թողնել այդ ամենը տանը նստելու համար։ Նա աշխատանքի է գնում, որ անի այն, ինչ իրեն դուր է գալիս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը