Սթենֆորդի համալսարանի գիտնականները Facebook-ի օգտատերերի շրջանում անցկացրել են հարցումներ: Նրանք խնդրել են մասնակիցներին ժամանակավորապես հեռացնել հաշիվները սոցիալական ցանցից, ապա գնահատել են նրանց հոգեբանական վիճակը: Պարզվել է, որ մարդիկ ավելի երջանիկ էին զգում իրենց՝ առանց սոցիալական ցանցի:
Գիտնականները՝ Հանտ Էլկոտի ղեկավարությամբ, որոշել են ուսումնասիրել սոցիալական ցանցերի ազդեցությունն ամերիկացի օգտատերերի կյանքի վրա: Գովազդի միջոցով նրանք հավաքել են 2844 կամավորներ, ովքեր համաձայնել էին չորս շաբաթով փակել իրենց Facebook-ի հաշիվները:
Գիտնականները հետազոտության միջոցով դիտարկել են մասնակիցների կարգավիճակը: Նրանք հարցրել են, թե ինչպես են մասնակիցներն անցկացնում իրենց ազատ ժամանակը, որքան են շփվում ընտանիքի և ընկերների հետ, որտեղից են նրանք ստանում նորություններ և որքանով են հետաքրքրվում քաղաքական կյանքով:
«Մենք դրական և բացասական հետևանքներ ենք արձանագրել ֆեյսբուքյան էջերը ջնջելուց հետո: Մարդիկ սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիների հետ, և նրանց հոգեբանական վիճակը բարելավվել է: Միևնույն ժամանակ, նրանք քիչ են հետևում երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»,- նշում է Հանտ Էլկոտը:
Հետազոտության հեղինակները նաև նկատել են, որ փորձի վերջում, երբ մասնակիցներին թույլատրվել էր վերականգնել իրենց հաշիվները, նրանք սկսել են ավելի քիչ ժամանակ ծախսել սոցիալական ցանցերում, քան նախկինում: Ընդհանրապես, նրանք ավելի երջանիկ էին զգում իրենց՝ շեղվելով քաղաքական ցնցումներից և վեճերից: Նրանց քաղաքական հայացքներն ավելի քիչ արմատական էին դարձել:
Ալկոհոլիկներն ու թմրամոլները չեն թաքնվի
Սոցիալական ցանցերում քիչ ժամանակ անցկացնելու օգուտը գիտնականները դեռ ավելի վաղ էին նկատել:
Անցյալ աշնանը Փենսիլվանիայի համալսարանի հետազոտությանը մասնակցել է Facebook-ի, Instagram-ի և Snapchat-ի օգտատեր 143 ուսանող: Նրանք բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբին առաջարկվել էր սահմանափակել յուրաքանչյուր սոցիալական ցանցի օգտագործման ժամանակը երեք շաբաթվա ընթացքում՝ հասցնելով օրական 10 րոպեի: Երկրորդ խմբի համար չէր սահմանվել որևէ պայման. նրանք կարող էին մուտք գործել սոցիալական ցանցեր նույն հաճախականությամբ:
Արդյունքների հետազոտությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ առաջին խմբի ուսանողները 3 շաբաթվա ընթացքում իրենց զգացել են ավելի քիչ միայնակ: Բացի այդ, նրանց առօրյայից բացակայել են դեպրեսիայի նշանները: Հետաքրքիր է, որ երկու խմբում էլ մասնակիցների մոտ քչացել է վախը, որ իրենք կարող են ինչ-որ կարևոր բան բաց թողնել:
Հոգեբանները եզրակացրել են, որ համացանցում սեփական վարքագծի նկատմամբ պարզ վերահսկողությունը (առնվազն այն զգացումը, որ դուք մասնակցում եք փորձի) կարող է հանգեցնել դրական արդյունքների:
Ի դեպ, համացանցում սեփական վարքագծի վերահսկողությունը, գրառումների և մեկնաբանությունների բովանդակությունն անհրաժեշտ է ոչ միայն ձեր հոգեբանական վիճակի բարելավման համար: Մեզ բոլորիս չի խանգարի գրառում անելիս պատկերացնել, որ մենք մասնակցում ենք փորձարկման: Բացառված չէ, որ դա իրականություն է: Հավանական է, որ այն ինֆորմացիան, որ մենք թողնում ենք համացանցում, անհրաժեշտ կլինի այն մարդկանց, ումից մենք ինչ-որ բան ենք թաքցնում: Օրինակ, մասնագետները կարող են իմանալ, թե արդյո՞ք դուք ունեք ծխախոտային, ալհոկոլային կախվածություն, կամ թմրամոլություն: Այս տեղեկատվությունը տրամադրելուց հետո դուք կարող եք հայտնվել թիրախային խմբում:
Գրառումների և հավանումների միջոցով մարդկանց կախվածությունների բացահայտման համակարգը, որը գործում է արհեստական բանականությամբ, փորձարկվել է 2017 թվականին ԱՄՆ-ում: Հետազոտողները կիրառել են մեքենայական ուսուցման ալգորիթմը, որը փորձարկվել է նախկինում հավաքված երեք տվյալների բազաների վրա: Համակարգն ուսումնասիրել է սոցիալական ցանցում գրառումները, հավանումները և անձնական տեղեկատվությունը և պարզել, թե ինչ վնասակար սովորություններ ունեն օգտատերերը: Ճշգրտությունը կազմել է 86%:
Օրինակ՝ հոգեբանները պարզել են, որ ծխախոտի և ալկոհոլի սիրահարները սիրում են օգտագործել բառեր՝ կապված շարժման հետ՝ գնալ, քայլել, մեքենա, և այլն: Իսկ թմրանյութերի սիրահարները հաճախ օգտագործում են բառեր՝ կապված ագրեսիայի և բռնության հետ՝ ատելություն, սպանել, և այլն: Հետաքրքիր է, որ ծխախոտի և թմրանյութերի սիրահարները հաճախ են օգտագործում օտարալեզու բառեր: Արհեստական բանականությունը պարզել է նաև, որ թմրանյութի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ հակում ունեցող մարդիկ շատ են սիրում կինո և երաժշտություն:
Համացանցից կախվածություն ունեցողներն ալարկոտ նարսիցներ են՝ մի փունջ վախերով
Հոգեբան Մարինա Կերեն նշել է հիմնական խնդիրները, որոնք ծագում են երիտասարդների մոտ, որոնք շատ ժամանակ են ծախսում սոցիալական ցանցերում:
Առաջին հերթին՝ դա ճանաչողական ունակությունների նվազումն է, հետաքրքրությունների շրջանակի նեղացումը և ուղեղի մի տեսակ «ծուլությունը»:
Երկրորդ խնդիրը մտքերն ու արտահայտությունները լիովին արտահայտել չկարողանալն է: Համացանցում շատ ժամանակ անցկացնող մարդիկ չեն կարողանում հանրությունում ճիշտ և ազդեցիկ արտահայտել իրենց մտքերը:
Երրորդը վախն է: Մենք արդեն նշել ենք այդ մտավախություններից մեկը՝ մարդիկ վախենում են բաց թողնել կարևոր իրադարձություններ:
Կա ևս մեկ վախ՝ լինել չճանաչված և չընկալված: Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հակված են համեմատել իրենց ուրիշների հետ, նախանձը և ցածր ինքնագնահատականը դառնում են նրանց մշտական ընկերները: Մարդիկ կենտրոնանում են միայն իրենց օնլայն կյանքի վրա: Հոգեբանը նշում է, որ սա արդեն նարցիսական անձնային խանգարում է:
Ընդհանուր առմամբ, հաճախորդների 1-5%-ը, ըստ հոգեբույժների, սոցիալական ցանցերում կախվածություն ունեն: Սա նման է ազարտային խաղերից պաթոլոգիական կախվածությանը:
Սիրարփի Աղաբաբյան