Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուրս է եկել, թե՞ դուրս են արել… Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի տխրահռչակ և վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել՝ ըստ որի նա դուրս է գալիս ՀՀԿ-ից և քաղաքականությունից… Սովետական փոքր չինովնիկի հոգեբանությամբ օժտված և մարզում բազում մարդկանց կողմից Շիրակի մարզի կրթական համակարգը կործանելու և ընտրությունները կեղծելու մեջ մեղադրված սույն կերպարը կրկին իր ամպլուայի մեջ է… Սիրում է ամեն ինչ նենգափոխել… 2018-ի մայիսի սկզբներին խրոխտ կեցվածքով հայտարարում էր, որ երբեք հրաժարական չի տալու Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից… Սակայն մի քանի օր անց՝ 2018-ի մայիսի 15-ին՝ ԿԳ նախարարի ՇՊՀ այցի օրը, պարզվեց, որ Մինասյանն իր «ցանկությամբ» հրաժարական է տալու…
Իսկ ո՞ւր մնաց Շիրակի ՀՀԿ-ի մարզային գրասենյակի բեսպրեդելշչիկի խրոխտ հայտարարությունը, որ հրաժարական չի տալու… Մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանին հեռացնելու են զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը… Ու հանկարծ այսօր Մինասյան Սահակն այսպիսի սրտաճմլիկ հայտարարությամբ է հանդես գալիս ու փորձում իր ՀՀԿ-ից հեռանալը ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն… Հիմա հարց՝ այսքանից հետո ո՞վ է հավատում, որ Սահակ Մինասյանն ինքնակամ լքել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը… Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին… Ի դեպ՝ ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությունը, որ Սահակ Միանսյանն ինձ դատի է տվել իրեն զրպարտելու և վարկաբեկելու համար` հնացած է… Մինասյանն ինձ դատի տալով` չեկավ դատարան, որի արդյունքում էլ գործը կարճվեց… Այսինքն` Մինասյանը հերթական պարտությունը կրեց դատարանում՝ ընդունելով, որ ես ճիշտ եմ ասել, որ նա վատահամբավ և տխրահռչակի մեկն է, ինչպես նաև փոշիացրել է նախկին ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամ գումարը…»: