Դերասան, հումորիստ Արտյոմ Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ բնակվում է Ռուսաստանում։ Հեռուստատեսային երկարատև դադարից հետո դերասանը Tert.am Life-ի հետ զրուցել է վերջերս Հայաստան գալու, որդիների՝ տարբեր երկրներում ապրելու, արտերկրում ծանր աշխատանքներ կատարելու և Հայաստանում խարդախության զոհ դառնալու մասին։
Դերասանի խոսքով՝ հայրենիք հեռանալու ցանկություն չի ունեցել, սակայն պայմանները թելադրել են մեկնել արտերկիր։
«Եթե հնարավորություն լինի, Հայաստան կվերադառնամ այս տարի, եթե ոչ, ամենաուշը երկու տարուց։ Այս պահին ոչ մի հեռուստաընկերությունից առաջարկ չունեմ։ Վերջերս Հայաստան եկել եմ, հանդիպել եմ ընկերներիս։ Իրենք ասում էին՝ արի, մի բան կլինի, բայց ես չեմ կարող ասել, թե երբ կլինի այդ «մի բանը»»,- նշեց Արտյոմն ու հավելեց, որ մինչ մեկնելու որոշումը կայացնելը փորձել է հայրենիքում գումար վաստակել։
Սանկտ Պետերբուրգում Արտյոմը հեռուստատեսային աշխատանք գտնելու փորձեր արել է, բայց, ըստ նրա, դա ոչ միայն ժամանակատար էր, այլև շատ բարդ։ «Ես այստեղ ապրում եմ վարձով, ունեմ հայկական անձնագիր, պետք է տան համար վճարեմ ու նաև ապրելու գումար վաստակեմ։ Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Արդեն վեց տարի է` այստեղ եմ՝ թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։ Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել»,– պատմեց Արտյոմը։
Ամբողջությամբ՝ life.tert.am