ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` ինչպես է նշելու «Քաղաքացու օրը»։ Նա այս մասին ասաց այսօր Նորագավիթ Մաքսակետում։
Լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանարապես ինչպե՞ս է պետք նշել այդ օրը։
«Քաղաքացին թող որոշի` ոնց նշի։ Կարող ա` մեկը որոշում ա, ինչպես անցած տարի, մանղալը հանի, Մաշտոցի պողոտայում դնի ու խորոված անի»,– ասաց նա։
Հարցրին` իսկ դուք ինչպե՞ս եք պատրավում նշել։
«Չգիտեմ։ եթե մանղալով խորոված անող լինի, կարող ա ես էլ միանամ»,– ժպտաց վարչապետը։
Երեկ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։
Օրինագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով։ 3 պատգամավոր դեմ քվեարկեցին, 5-ը ձեռնպահ մնացին։
Դեմ քվեարկող պատգամավորներն են Կարեն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Գևորգ Գորգիսյանը (երեքն էլ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից)։
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 21–ին առաջարկել էր ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում հռչակել Քաղաքացու օր։ Այս առաջարկը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որն ԱԺ-ում կքննարկվի հերթական նիստի անմիջապես ավարտից հետո նախանշված արտահերթ նիստում: