Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականցվի, նա պետք է հնարավորություն ունենա այցելել բոլոր տարածքներ: Այս մասին ԵԽԽՎ-ում նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ի պատասխան ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին:
«Ի՞նչ եք կարծում, Եվրոպայի խորհուրդը կարո՞ղ է ապահովել հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունը: Այս հարցն արդեն երկար տարիներ օրակարգում է, սակայն առանց շոշափելի արդյունքների: Կարծում եք, դա կարո՞ղ է օգնել գործընթացին»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:
Դունյա Միյատովիչի խոսքով, կոնֆլիկտային գոտում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» բնակվող մարդիկ նույնպես պետք է դիտարկվեն որպես այս կազմակերպության մաս:
«Իմ տեսակետն այս հարցում շատ պարզ է: Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած տարածք: Բայց իրականությունն այլ է, և դա տեղի չի ունենում: Այդուհանդերձ,ես փորձում եմ, ես ձգտում եմ հասնել մուտքի հնարավորության բոլոր այդ տարածքներում, որպեսզի զբաղվեմ իրավապաշտպան գործունեությամբ: Պետք է նաև ընդգծել, որ հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացված լինի: Հանձակատարի դերն այն չէ, որ ճանաչի տարածքներ կամ ներքաշվի քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված հակամարտության լուծմանը, այլ պետք է կարողանա հասնել այն մարդկանց, ովքեր նույնպես Եվրոպայի խորհրդի ընտանիքի անդամ են: Ես վստահ եմ, որ նրանք իրենց զգում են մոռացված, իրենց զգում են այնպես, կարծես, ոչ ոք հոգ չի տանում իրենց մասին: Ինչպե՞ս դա անել: Դա այն է, ինչ ես նշել եմ իմ ներածական ելույթում: Ես դա ինքնուրույն չեմ կարող անել, ես ձեր օգնության կարիքն ունեմ, ինձ անհրաժեշտ է կառավարությունների աջակցությունը, որ հնարավորություն ունենամ հասնել այդ տարածքներ»,-նշել է Դունյա Միյատովիչը: