Սպորտով զբաղվելը տարեց հասակում նվազեցնում է քաղցկեղից և սրտի հիվանդություններից մահվան վտանգը
Advertisement 1000 x 90

Սպորտով զբաղվելը տարեց հասակում նվազեցնում է քաղցկեղից և սրտի հիվանդություններից մահվան վտանգը

Գիտնականները հավաստիացնում են, որ երբեք ուշ չէ զբաղվել սպորտով, տարեց հասակում նույնպես ֆիզիկական վարժությունները կարող են դրականորեն ազդել առողջական վիճակի վրա։

ԱՄՆ Օնկոլոգիայի ազգային ինստիտուտի (NCI) մասնագետները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե կախված է արդյոք ֆիզիկական բեռնվածությունների դրական արդյունքն այն բանից, թե ինչ տարիքում է մարդն սկսում զբաղվել սպորտով։ Որպես հիմք վերցվել են Թոշակառուների ամերիկյան ասոցիացիայի (AARP) 1995-96 թվականների տվյալները, որոնցում նշվում էր, թե շաբաթը քանի ժամ են 50-71 տարեկան կամավորները հատկացրել սպորտին։

Ընդհանուր առմամբ վերլուծվել է 315059 թերթիկ, ընդ որում՝ տեղեկատվությունը համադրվել է հիվանդությունների պատմության եւ սրտանոթային հիվանդություններից ու քաղցկեղից մահացության հետ։

Կամավորները պայմանականորեն բաժանվել են երեք խմբի՝ «մարզիկներ», որոնք ֆիզիկական վարժություններ են կատարել ամբողջ կյանքում (56,1 տոկոս), «սիրողներ», որոնք ֆիզիկական բեռնվածությունն ավելացրել են պատանի եւ ավելի հասուն տարիքում (13,1 տոկոս), ինչպես նաեւ նրանք, ովքեր ավելի վաղ զբաղվել են սպորտով, բայց հասուն տարիքում նվազագույնի են հասցրել ֆիզիկական ակտիվությունը (30,8 տոկոս)։

Պարզվել է, որ վաղ տարիքից ակտիվ կենսակերպ վարած մարդկանց եւ շաբաթը ֆիզիկական բեռնվածություններին 2,8 ժամ հատկացրածների մոտ վաղ մահվան վտանգը 29-36 տոկոսով ցածր է եղել։ Բացի այդ, սրտանոթային հիվանդություններից նրանց մահացության ցուցանիշները  ցածր են եղել 35 տոկոսով, քաղցկեղից՝ 16 տոկոսով։

Այնինչ, այն անձանց խմբում, ովքեր սպորտով սկսել են զբաղվել 40-61 տարեկանում, արդյունքները նույնպես տպավորիչ էին. սրտանոթային հիվանդություններից մահացությունը ցածր էր 32 տոկոսով, քաղցկեղից՝ 14 տոկոսով։ Ընդ որում՝ այս խմբում խոսքը մշտական մարզումների մասին է, որոնք ընդհանուր առմամբ շաբաթը 2-8 ժամ են տեւել։ Նշվում է, որ ֆիզիկական բեռնվածությունից ստացված դրական արդյունքը փոքր-ինչ նվազել է, եթե սպորտին հատկացվել է շաբաթն ընդամենը մեկ ժամ։

Ինչ վերաբերում է երրորդ խմբին, որի մասնակիցները թողել են սպորտով զբաղվելը, ապա այստեղ ցանկացած պատճառով մահվան էական նվազում չի հայտնաբերվել։

Այսպիսով, սպորտով զբաղվելը անգամ հասուն տարիքում կարող է դրականորեն ազդել առողջության վրա։

news.am