«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին» կից նախատեսվում է բացել մանկական հոգեբուժական բաժանմունք, որտեղ կլինեն ե՛ւ ստացիոնար, ե՛ւ ամբուլատոր մասեր։ Այս մասին լրագրողներին պատմել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ («Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա) տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօրվա դրությամբ չկան կլինիկաներ կամ բաժանմունքներ, որոնք մասնագիտացած են երեխաների ու դեռահասների հոգեկան առողջության ոլորտում։ Իսկ պահանջարկն իրականում բավական մեծ է, չէ՞ որ հոգեկան հիվանդությունները պատահում են տարիքային բոլոր խմբերում։
Ինչպես ասաց Սերգեյ Խաչատրյանը, «Նուբարաշենի» բժիշկները վերջերս մեկնել էին Ֆրանսիա՝ վերապատրաստման եւ ծանոթացել են ֆրանսիական հոգեբուժական կլինիկաների մանկական բաժանմունքների աշխատանքին։ Նրանց օրինակով կկազմակերպվի Հայաստանում նոր բաժանմունքի աշխատանքը։
Բաժանմունքը կգործի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»։ Այստեղ, ըստ տնօրենի, կլինի 20 մահճակալով ստացիոնար, ինչպես նաեւ ամբուլատոր բաժանմունք, որն ամեն օր կաշխատի մոտ 20 պացիենտի հետ։
Ապագա բաժանմունքի տարածքը հարկավոր է նորոգել, եւ առայժմ միակ խնդիրը կապված է նորոգման ու լուսավորության համար միջոցներ գտնելու հետ։
«Մենք պատրաստ ենք վարկ վերցնել նորոգման համար, քանի որ սա իսկապես շատ կարեւոր բաժանմունք է։ Գաղափարը կա, իսկ իրագործման համար միջոցներ գտնելը մեր աշխատակազմի եւ առողջապահության նախարարության խնդիրն է։ Մենք հիմա անընդհատ քննարկում ենք այս հարցը, որպեսզի որոշենք, թե ինչ կարելի է անել»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը։
Բաժանմունքը, ինչպես նշեց տնօրենը, նախատեսվում է բացել մինչեւ տարեվերջ։ Իսկ ապագայում չի բացառվում, որ նման բաժանմունքներ կբացվեն նաեւ այլ կլինիկաներում։