Վրաստանում ապրիլի 9-ին նշվում է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտի ընդունման և Ազգային միասնության, քաղաքացիական հաշտության և հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օրը:
Ապրիլի 9-ը Վրաստանում հանգստյան օր է: Այդ օրը երկրում հիշում են 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի ուժերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերին: Ըստ հաստատված ավանդույթի՝ այդ օրը թբիլիսցիները զոհվածների հիշատակին վարդակակաչներով են ծածկում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճանները: Թբիլիսիի բնակիչները գիշերվանից են սկսում հավաքվել այն վայրի մոտ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:
Այս օրվա առթիվ, ըստ ավանդույթի, Վրաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան կարգ: Երկրի առաջին անձինք ծաղկեպսակներ կդնեն Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կանգնեցված հուշահամալիրին, հաղորդել է Sputnik-ը: