Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երևանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:
Այցի և տոնակատարության կազմակերպիչներն են «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը և «DoSomething» կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:
2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երևանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Յան Գիլանի, Թոնի Այոմիի և Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:
«30 տարի առաջ ռոքի աստղերը միավորվեցին՝ օգնելու մեր ժողովրդին, իսկ շուտով, ID Bank-ի և Koor-ի աջակցության շնորհիվ, մենք կտոնենք այդ հրաշալի նախաձեռնության հոբելյանը»,- ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը:
Յան Գիլանը, Թոնի Այոմին և Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում:
2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, «Մեդիամաքսը» և «DoSomething»-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Գիլանը Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր մետաղե տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք:
2010 թվականի մարտին Երևանում անցկացվեցին Գիլանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Գիլանը և Այոմին հիմնեցին «WhoCares» սուպեր խումբը:
Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը և շինարարությունը համակարգում էին Հայկական օգնության ֆոնդը (ՀՕՖ), «Մեդիամաքսը» և «DoSomething»-ը: 2013-ի սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Յան Գիլանի և Ջոն Դիի մասնակցությամբ:
«Հրաշալի է, որ Գիլանը և Թոնի Այոմին հունիսին Երևանում մեզ հետ կլինեն: Արա Թադևոսյանը և ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Յանին և Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել և գնահատել այն աջակցությունը, որը երաժշիտները ցուցաբերել են աղետի գոտու երեխաներին»,- ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին: