«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր. ովքեր կարող են դիմել
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիր. ովքեր կարող են դիմել

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի առաքելությունն է նպաստել Հայաստանի հարակայուն զարգացման առաջնահերթություններից բխող մարդկային կապիտալի հզորացմանը։

Մենք կրթաթոշակ ենք շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել Հայաստանի առաջընթացին։

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում՝ ապրիլի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել ստորև սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխանող անձինք.

  • լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ մշտական բնակիչ.
  • դիմելու պահին լինել 17-40 տարեկան.
  • ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պայմաններին բավարարող համալսարաններում ուսանելու ոչ պայմանական հրավեր։

ՀՀ մշտական բնակիչ է այն անձը, որը վերջին 2 տարիներին մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր: Այս կարգավիճակի ներքո է դիտարկվում նաև այն անձը, որը նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքից բացակայել է ուսման, բուժման կամ ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով և մինչև մեկնելն առնվազն 2 տարի մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր:

«Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ կտրամադրվի այն թեկնածուներին, որոնք համապատասխանում են Հիմնադրամի սահմանած չափորոշիչներին և ունեն մոտիվացիա ու ներուժ՝ ուսման ավարտից հետո Հայաստան վերադառնալու և երկրի զարգացման գործում իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնելու։

«Իմ քայլը» հիմնադրամը կդիտարկի այն դիմորդների հայտադիմումները, որոնք ընդունված կլինեն տվյալ մասնագիտության գծով աշխարհի լավագույն 20 համալսարաններից որևէ մեկը համապատասխան ակադեմիական ծրագրով սովորելու համար և կբավարարեն դիմելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Համալսարանների դասակարգումը հիմնված կլինի https://www.topuniversities.com/ և https://www.timeshighereducation.com կայքերում հրապարակված՝ ըստ մասնագիտությունների աշխարհի լավագույն համալսարանների դասակարգման վրա։

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պայմաններին բավարարող համալսարաններից մեկը՝ ակադեմիական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրերն են, ըստ առաջնահերթության՝

  • Մագիստրատուրա
    Մագիստրատուրա ընդունված դիմորդների հայտադիմումները կուսումնասիրվեն առաջին հերթին։
  • Ասպիրանտուրա
    Կդիտարկվեն միայն այն ասպիրանտական ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ընդգրկում է Հայաստանին վերաբերող հետազոտություններ:
  • Բակալավրիատ

Հիմնադրամի չափորոշիչներին չեն համապատասխանում հետևյալ ծրագրերը. ամառային ակադեմիական ծրագրեր, կարճաժամկետ ակադեմիական ծրագրեր, աշխատանքային զբաղվածություն ունեցող մասնագետների համար նախատեսված ծրագրեր (professional tracks, part-time programs), հեռավար և առցանց ուսուցմամբ ծրագրեր, ինչպես նաև հավաստագրման ծրագրեր, գիտաժողովներ և գործուղումներ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

«Իմ քայլը» հիմնադրամն ընտրված դիմորդներին կհատկացնի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի առավելագույնը 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան քսանհինգ հազար ԱՄՆ դոլար՝ ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով: Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ: Յուրաքանչյուր շահառուի կրթաթոշակի չափը կախված կլինի նրա հայտադիմումից, մասնագիտությունից, հարցազրույցի արդյունքից, ինչպես նաև դիմորդների ընդհանուր քանակից։

Հիմնադրամը կրթաթոշակ տրամադրելիս հաշվի է առնում նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը տարբերվում է` կախված ուսանողի անհատական ֆինանսական դրությունից և համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից տրամադրվող աջակցության չափից:

Ուսման ընդհանուր ծախսերի մեջ են մտնում՝

  • համալսարանի ուսման վարձը,
  • առողջական ապահովագրությունը,
  • կեցության ծախսերը,
  • ուսումնական նյութերի/պարագաների համար նախատեսված ծախսերը։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է՝

  • ուսանել և հաջողությամբ ավարտել այն համալսարանի կրթական ծրագիրը, որի համար շնորհվել է Հիմնադրամի կրթաթոշակ,
  • ուսումնառության ընթացքում մշտական կապի մեջ լինել Հիմնադրամի հետ,
  • ներգրավվել Հիմնադրամի նախագծերում և ծրագրերում,
  • ուսումնառության ընթացքում ակտիվորեն մասնակցել տեղի հայ համայնքի գործունեությանը,
  • ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և առնվազն 3 տարի ապրել և աշխատել Հայաստանում (նշում. այս պայմանը կատարելու համար Հիմնադրամի կողմից ուսանողին կարող է շնորհվել մինչև 1 տարի ժամանակ մասնագիտական պրակտիկայի կամ աշխատանքի համար),
  • զարգացնել իր մասնագիտական ոլորտը Հայաստանում և փոխանցել գիտելիքը մյուսներին։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Կրթաթոշակառուների ընտրության գործընթացը բաղկացած է 3 փուլից.

  • համապատասխանություն սահմանված չափորոշիչներին,
  • ընտրական հանձնաժողովի գնահատում,
  • ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույց։

Հայտադիմումներն ուսումնասիրում են Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուները։ Համապատասխանության չափանիշներին բավարարող բոլոր հայտադիմումներն անանուն ուսումնասիրում և գնահատում է Ընտրական հանձնաժողովը։

Հայտադիմումներն ուսումնասիրելիս առավելություն կտրվի Հիմնադրամի կողմից հաստատված՝ Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններին, որոնց ցանկը ներկայացված է ստորև։ Մասնագիտությունների ցանկը հետագայում կարող է ընդլայնվել։

  • Գյուղատնտեսություն և անտառաբուծություն
  • Անասնաբուժություն
  • Բժշկություն և առողջապահության կառավարում
  • Դեղագիտություն և դեղաբանություն
  • Երկրաբանություն
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Բնական պաշարների ճարտարագիտություն և լեռնամետալուրգիա
  • Ընդհանուր ճարտարագիտություն
  • Էլեկտրականություն և էներգետիկա
  • Մեխանիկա
  • Մշակող արդյունաբերություն
  • Էլեկտրոնիկա և ավտոմատացում
  • Քիմիա և քիմիական տեխնոլոգիաների ճարտարագիտություն
  • Կենսաբանություն և կենսաքիմիա
  • Համակարգչային գիտություն
  • Մաթեմատիկա
  • Վիճակագրություն
  • Տնտեսագիտություն և էկոնոմետրիկա
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Նյութագիտություն
  • Կրթություն
  • Ճարտարապետություն
  • Քաղաքաշինություն
  • Քաղաքացիական ճարտարագիտություն
  • Տրանսպորտային համակարգերի ճարտարագիտություն
  • Լոգիստիկա
  • Լրագրություն
  • Մարքեթինգ և գովազդ
  • Սոցիոլոգիա
  • Հանրային քաղաքականություն
  • Զբոսաշրջության, հյուրընկալության և ժամանցի ոլորտի կառավարում
  • Սպորտ
  • Հոգեբանություն
  • Անիմացիա
  • Գրաֆիկական դիզայն
  • Ռադիո և հեռուստատեսություն
  • Արդյունաբերական արտադրանքի դիզայն

Բոլոր այն դիմորդները, որոնց հայտադիմումները գնահատումից հետո կհաղթահարեն սահմանված անցումային շեմը, կհրավիրվեն Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի։ Հարցազրույցից հետո բոլոր դիմորդները սահմանված ժամկետում կտեղեկանան հարցազրույցի արդյունքների մասին։

Հայտադիմումները գնահատելիս հաշվի են առնվելու՝

  • մասնագիտությունը,
  • համալսարանը,
  • ակադեմիական աստիճանը,
  • մոտիվացիոն նամակը,
  • երաշխավորագրերը,
  • մասնագիտացման ոլորտում առաջարկվող ծրագրի նախագիծը,
  • այլ անձնական և մասնագիտական հատկանիշներն ու հմտությունները։

Վերջնական որոշումը կայացվում է հայտադիմումների նախնական գնահատման, Ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև դիմորդների քանակը և ծրագրի համար նախատեսված բյուջեն։

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

  • «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շահառուի կողմից համապատասխան պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու կամ մասամբ կատարելու դեպքում շահառուն պարտավորվում է վերադարձնել գումարը Հիմնադրամին՝ ըստ պայմանագրով սահմանված կարգի։
  • Պայմանագրի պահանջները չկատարելու դեպքում Հիմնադրամն իրավունք ունի հրապարակել պայմանագրի դրույթների խախտման և դրանից բխող պատասխանատվության վերաբերյալ տեղեկությունը։

ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ներկայացվող փաստաթղթերը կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։ Այլ լեզվով բնօրինակ փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց՝ նոտարի կողմից վավերացված թարգմանությունները։

Պահանջվող փաստաթղթեր բոլոր դիմորդների համար

  • Վավեր անձնագրի պատճենը (.pdf)
  • Ընդունելության վերջնական առաջարկը համալսարանից (unconditional offer) (.pdf)
  • Նպատակների հիմնավորման նամակը, որն ուղարկվել է համալսարանին (Statement of Purpose) (.pdf)
  • Մոտիվացիոն նամակ՝ ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին (.pdf)
  • Մասնագիտացման ոլորտում առաջարկվող ծրագրի նախագիծ, որն ուսանողն իրականացնելու է Հայաստանում՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս (.pdf)
  • Երաշխավորող 2 նամակ (.pdf)
  • Ինքնակենսագրություն (CV) (.jpeg)
  • Լուսանկար (3×4 չափի) (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ մշտական բնակիչ դիմորդների համար

  • ՀՀ մշտական բնակիչ լինելը վկայող փաստաթուղթը (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք դիմել են համալսարանին՝ ֆինանսական օժանդակություն ստանալու և ստացել պատասխան

  • Ֆինանսական օժանդակության վերաբերյալ համալսարանի որոշումը (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք ցանկանում են տեղեկացնել իրենց անհատական նվաճումների մասին

  • Անհատական նվաճումները հաստատող փաստաթղթերը (.pdf)

Լրացուցիչ փաստաթղթեր այն դիմորդների համար, որոնք արդեն ուսանում են նույն համալսարանում, որտեղ ուսանելու ծախսերի փոխհատուցման համար դիմում են Հիմնադրամի աջակցությանը (առաջինից բարձր կուրսերի դիմորդների համար)

  • Առաջադիմության թերթիկը (transcript) (.pdf)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Վավեր անձնագրի պատճենը
ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն վավեր անձնագրի բոլոր լրացված էջերի պատճենները, այդ թվում՝ գրանցման հասցեի էջը (առկայության դեպքում), ինչպես նաև ամեն տեսակի վիզաներ և կնիքներ պարունակող էջերը:

Համալսարանի ընդունելության վերջնական առաջարկը (unconditional offer)
Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին հնարավոր է դիմել միայն ոչ պայմանական հրավերի (Unconditional Offer) առկայության դեպքում։

Ֆինանսական միջոցներ ունենալու մասին ապացույց ներկայացնելու պայմանը (Proof of Financial Resources) Հիմնադրամի կողմից չի համարվում ակադեմիական պայման։

Եթե դիմորդն արդեն իսկ սովորում է համալսարանում, որի համար դիմում է Հիմնադրամին, պետք է կցվող մեկ փաստաթղթում համադրել հետևյալ փաստաթղթերը.

  • համալսարանից ստացած ոչ պայմանական՝ վերջնական հրավերը,
  • պաշտոնական նամակ համալսարանից այն մասին, որ դիմորդը ներկայումս տվյալ համալսարանի ուսանող է և իրավունք ունի շարունակելու ուսումը հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, որի համար էլ դիմում է Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին։

Նպատակների հիմնավորման նամակը, որն ուղարկվել է համալսարանին (Statement of Purpose)
Եթե նման առանձին փաստաթուղթ չկա, դիմորդը համալսարանին ուղղված իր հայտից պետք է առանձնացնի կամ նշի այն հատվածները, որոնք պատասխանում են մասնագիտական նպատակների և ապագա անելիքների մասին հարցերին:

Մոտիվացիոն նամակ՝ ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին
«Իմ քայլը» հիմնադրամին ուղղված մոտիվացիոն նամակը կարող է գրվել հայերեն կամ անգլերեն։ Ծավալը՝ առավելագույնը 400 բառ։ Մոտիվացիոն նամակը պետք է պարունակի դիմորդի մասին հակիրճ նկարագրություն, ինչպես նաև հետևյալ հարցերի պատասխանները․

  • Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ներդրումը Հայաստանի զարգացման գործում։ Խնդրում ենք լինել հնարավորինս հստակ և կոնկրետ։
  • Որո՞նք են Ձեր ընտրած մասնագիտական ոլորտում Հայաստանի հիմնական մարտահրավերները։
  • Ինչպե՞ս եք կիրառելու ձեռք բերած գիտելիքն ու փորձը Հայաստանում՝ ուսումն ավարտելուց հետո:

Մասնագիտացման ոլորտում առաջարկվող ծրագրի նախագիծ, որն ուսանողն իրականացնելու է Հայաստանում՝ ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս
Անհրաժեշտ է ներբեռնել ծրագրի նախագծի ձևանմուշը, լրացնել այն և կցել հայտադիմումին։ Ծրագրի նախագծի ձևանմուշը կարելի է ներբեռնել այստեղ։

Երաշխավորող 2 նամակ

  • Երաշխավորող նամակներից առնվազն մեկը ցանկալի է, որ լինի ակադեմիական ոլորտի ներկայացուցչից (դասախոս, գիտական ղեկավար և այլն)։
  • Եթե դիմորդն ունի աշխատանքային փորձ, ապա երաշխավորող նամակներից առնվազն մեկը ցանկալի է, որ լինի նախկին կամ ներկա գործատուից։

Նամակները պետք է նկարագրեն դիմորդի անձնական և մասնագիտական որակները, ձեռքբերումները, ինչպես նաև ներուժը։

Ինքնակենսագրություն (CV)
Ինքնակենսագրությունը կարող է ներկայացվել հայերեն կամ անգլերեն։


Լուսանկար (3×4 չափի)
Հայտաձևին պետք է կցել բարձր հստակության լուսանկար, որում պետք է հստակ երևա ուսանողի դեմքը: Նկարում դիմորդը չպետք է կրի դեկորատիվ (արևային) ակնոց կամ գլխարկ: Լուսանկարը չի կարող նաև կտրված լինել խմբային այլ նկարից կամ լինել ինքնանկար (selfie):


ՀՀ մշտական բնակիչ լինելու հանգամանքը վկայող փաստաթուղթ
ՀՀ մշտական բնակիչ է այն անձը, որը վերջին 2 տարիներին մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր: Այս կարգավիճակի ներքո է դիտարկվում նաև այն անձը, որը նշված ժամանակահատվածում բացակայել է ՀՀ տարածքից ուսման, բուժման կամ ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով և մինչև մեկնելն առնվազն 2 տարի մշտապես բնակվել է ՀՀ տարածքում՝ ամեն տարի առնվազն 183 օր:

ՀՀ մշտական բնակության մասին հավաստող փաստաթուղթ կարող են լինել կրթական հաստատության, աշխատանքի վայրից տրամադրված պաշտոնական տեղեկանքները՝ կնքված և ստորագրված տրամադրողի կողմից, ինչպես նաև այլ պաշտոնական փաստաթուղթ, որը բացահայտ կփաստի դիմորդի՝ Հայաստանում մշտապես բնակվելը։

Ֆինանսական օժանդակության վերաբերյալ համալսարանի որոշումը
Անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի ֆինանսական օժանդակության մասին պաշտոնական որոշումը։

Անհատական նվաճումները հաստատող փաստաթղթերը
Անհատական նվաճումներ կարող են լինել օլիմպիադաների մեդալների, միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը պատշաճ ներկայացնելու, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած նվաճումների և այլ հաջողությունների մասին վկայող տեղեկանքները, հավաստագրերը և այլ պաշտոնական փաստաթղթերը։ Անհրաժեշտ է մեկ փաստաթղթի մեջ ներառել բոլոր այդ փաստաթղթերը և կցել հայտադիմումին։

Առաջադիմության թերթիկ (transcript)
Անհրաժեշտ է ներկայացնել առաջադիմության պաշտոնական թերթիկը, որը կպարունակի դիմորդի ամենավերջին ՄՈԳ-ը (GPA): Եթե համալսարանը չի օգտագործում ՄՈԳ համակարգ, թույլատրվում է ներկայացնել առաջադիմության մասին վկայող այլ պաշտոնական փաստաթուղթ: