Հնդկաստանի 20 նահանգներում և դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում:
Ընդհանուր առմամբ քվեարկությանը, որը, փորձագետների կանխատեսումներով՝ կդառնա ամենաընդգրկունը համաշխարհային պատմության մեջ, կմասնակցի հանրապետության շուրջ 900 միլիոն քաղաքացի: Նախնական տվյալներով՝ դրանց անցկացումը երկրի վրա կնստի ավելի քան յոթ միլիարդ դոլար, ինչը նաև այս ընտրություններն «ամենաթանկն» է դարձնում պատմության մեջ:
Քվեարկությունը տեղի կունենա յոթ փուլով ապրիլի 11-ից մինև մայիսի 19-ն ըստ հերթականության 29 նահանգներում և 7 դաշնային տարածքներում: Նկատի առնելով ընտրողների վիթխարի թիվը՝ քվեաթերթիկների հաշվումն, ինչպես սպասվում է, կավարտվի սոսկ մայիսի 23-ին: Ընդհանուր առմամբ ընտրությունների կազմակերպմանը մասնակցում են 5 միլիոնից ավելի պաշտոնյաներ և ոստիկաններ: Ամբողջ երկրում կգործի մեկ միլիոնից ավելի ընտրական տեղամաս: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, և «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջև: Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը և արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը: