
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ըստ հիմնավորման, համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:
Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:
Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար: