«Փաշինյանը հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունի». Զարուհի Փոստանջյանը՝ մաքսատան միջադեպի մասին. news.am
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունի». Զարուհի Փոստանջյանը՝ մաքսատան միջադեպի մասին. news.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել նաև տագնապալի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով պատին հենած կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ-ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։

«Այդպիսի զայրույթը, այդ զայրույթը չզսպելը և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց նա։

Այս դեպքի մասով երկրորդ խնդիրը, Փոստանջյանի խոսքով, այն  էր, որ վարչապետը չգիտեր օրենքը, որով սահմանում են խորհրդանիշի օգտագործման պայմանները և կարգը, եթե խորհրդանիշը անարգում են, թե դա ինչպիսի իրավական հետևանքներ կարող է ունենալ, սահմանված է օրենքով։

«Ես ամիսներ առաջ դիմել էի իրավապահ մարմիններին և հայտնել, որ Երևանի խանութներում Նիկոլ Փաշինյանի պատկերով օղի է վաճառվում, որի վրա օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, ներկայացրել էինք հաղորդում հանցագործության մասին։ Սա անօրինական է, քանի որ մեր խորհրդանիշները մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում, և հատուկ մարմիններ կարող են օգտագործել, դրանք սահմանված են օրենքով և ցանկը սպառիչ է։ Պատասխանեցին, որ հաղորդումը հանցագործության մասին առերևույթ հանցակազմ չի պարունակում, այս հիմքով մերժեցին»,- ասաց Փոստանջյանը, որն իր հետ ասուլիսի սրահ էր բերել օղու շիշը։

Փոստանջյանը շեշտեց՝ ՀՀ պետական խորհրդանիշը մենք իրավունք ունենք օգտագործել սահմանափակ և սպառիչ դեպքերում, իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերով և ՀՀ խորհրդանիշներով օղին ամիսներ շարունակ օգտագործվում է և օրենքի խախտմամբ. «Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի արձագանքում։ Ես հիմա կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ 50-50 փայաբաժին ունի, որովհետև օգտագործվում է իր պատկերը, իր անունը, և օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, սա պաշտոնական դիրքի չարաշահում է և իր նկատմամբ կարելի է քրեորեն հետապնդելի գործողություններ կատարել։

Երբ նա Սաշիկի վերաբերյալ 50-50-ի մասին խոսում էր, հետո պարզվեց, որ դա չկա, այժմ եթե պարզենք՝ ով է արտադրում այս օղին, կարող է հետքը չերևա, որ ինքն էլ է ներգրավված, սակայն այս շիշը իր դեմքով և մեր խորհրդանիշներով խոսում է չարաշահման մասին, վերջիվերջո իրավապահ մարմիններն իրենց են ենթարկվում»։

Նա նաև շեշտեց՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Եթե նա մտել և տեսել էր, որ դրոշը անկյունում հենված է և դրոշի ձողն էլ չէր համապատասխանում իր ցանկությանը, ապա դա չի նշանակում, որ վարչապետը այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեր տվյալ աշխատակցին։ Այստեղ ոչ միայն պաշտոնեական դիրքի չափաշահում կա, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կա, որով մարդու արժանապատվությունը չի կարելի նպաստել, իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես է նա մարդուն նվաստացնում»։

news.am