Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու և Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաև իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած ալ-Բաշիրը «գտնվում է բանակի ձեռքում»:
Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու և անցումային ժամանակաշրջանի սկսվելու մասին: Պաշտոնական հայտարարության հեռարձակումն ուղիղ եթերով իրականացրել է Al Jazeera հեռուստաալիքը: «Ռեժիմն առաջվա պես չի արձագանքում (առկա խնդիրներին), ուստի որոշում է ընդունվել, որ երկամյա անցումային ժամանակաշրջանում զինված ուժերն են ղեկավարելու երկիրը»,- ասել է գեներալը: Բանակը նաև հայտարարել է 24 ժամով օդային տարածությունը փակելու մասին: