Ամստերդամում անցկացվել է «World Press Photo-2018» միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Ռուսաստանում բնակվող լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը հաղթանակ է տարել «Արդի խնդիրներ» անվանակարգում։
Մրցանակի է արժանացել Դիանայի՝ «Կուբանիտա» անունը կրող լուսանկարը, որում պատկերված է 15-ամյա աղջիկ՝ Պուրան։ Նա վարդագույն կաբրիոլետով ընթանում է Հավանայի փողոցով։ Աղջիկը շքեղ վարդագույն զգեստ է կրում, նրան ուղեկցում են տեղի բնակիչները, որոնք հավաքվել են՝ նրա ծննդյան օրը նշելու համար։ Լատինական Ամերիկայում 15-ամյակը յուրօրինակ տոն է համարվում. այդ օրը աղջիկը վերածվում է կնոջ։
Պուրայի դեպքը հետաքրքիր է նրանով, որ մի քանի տարի առաջ բժիշկները նրա մոտ ուղեղի ուռուցք են հայտնաբերել եւ հայտնել, որ նա չի ապրի մինչ 13 տարեկան։
Տարվա լավագույն լուսանկար է ճանաչվել ամերիկացի լուսանկարիչ Ջոն Մուրի լուսանկարը։ Դրանում պատկերված է լացող աղջիկը՝ Յանելան Հոնդուրասից այն պահին, երբ ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցը խուզարկում է նրա մորը՝ Սանդրա Սանչեսին։