
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքի օդանավակայանում ամերիկյան American Airlines ավիաընկերության չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը վայրէջքից հետո օդանավից անմիջապես թռել է թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա տղամարդը ողջ թռիչքի ժամանակ իրեն տարօրինակ է պահել, պատահական հերթականությամբ սկսել է դիպչել մյուս ուղևորների դեմքերին:
Նրան թռիչքի ավարտին բերել են ինքնաթիռի առաջնամաս, որպեսզի մյուսներից ավելի շուտ դուրս գա, սակայն վայրէջքից անմիջապես հետո տղամարդը բացել է ծառայողական դուռն ու օդանավի հակառակ կողմից դուրս է թռել:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ ներկայում նա վնասվածքներով հոսպիտալացվել է և առնվել կալանքի տակ: