Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկում են Ուկրաինայի նախագահական ընտրությունները, որտեղ առաջին փուլի հաղթող է ճանաչվել շոումեն Վլադիմիր Զելենսկին: Վլադիմիրի կինը՝ Ելենան, դեմ է եղել, որ ամուսինն իր թեկնածությունն առաջադրի ընթացիկ ընտրություններում: Վլադիմիր Զելենսկիի մասին շատ բան է հայտնի, սակայն նրա կինը մշտապես ստվերում է եղել: Հիմա նրա հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծացել, քանի որ հավակնում է դառնալ Ուկրաինայի առաջին տիկինը:
Women.ru-ն ներկայացնում է, թե ով է Ելենան։ Աղբյուրը ներկայացրել է Ելենայի լուսանկարները տարբեր միջոցառումներից, անդրադարձել ոճին, անցած ուղուն, եկամուտներին։
Շիկահեր Ելենեն սովորաբար նախապատվությունը տալիս է smart casual ոճին և մուգ գույների հագուստ է կրում: Վլադիմիրն ու Ելենան ծնվել են Կրիվոյ Ռոգ քաղաքում և նույն դպրոցում են սովորել: Երկուսն էլ 41 տարեկան են: Չնայած Ելենան և Վլադիմիրը գրեթե 10 տարի միասին են սովորել, Վլադիմիրը խոստովանել է, որ դպրոցական տարիներից ընդհանրապես չի հիշում Ելենային:
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ելենան ընդունվել է հայրենի քաղաքում գտնվող պետական համալսարանի շինարարական ֆակուլտետ՝ ընտրելով ճարտարապետական հոսքը, համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով, սակայն երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ, քանի որ ընտրությունը եղել է ծնողների պարտադրանքը:
Ելենեն դեռևս երիտասարդ տարիներից սիրել է երգել և հանդես է եկել տարբեր բեմերում, հետագայում իր գործուներությունը ծավալել է որպես սցենարիստ՝ դառնալով մի շարք հաջողված ծրագրերի սցենարների համահեղինակ:
Ելենային և Զելենսկիին կրկին հանդիպել են համալսարանն ավարտելուց հետո, երբ պատահաբար բախվել են փողոցում: Այդ ժամանակ Ելենեն իր մոտ ունեցել է «Հիմնական բնազդ» ֆիլմի տեսաերիզը: Վլադիմիրը խնդրել է աղջկան կարճ ժամանակով իրեն տալ տեսաերիզը, ինչի համար էլ զույգը ստիպված է եղել փոխանակվել հեռախոսահամարներով:
Ավելի քան 8 տարի միասին ապրելուց հետո 2003 թվականին, Վլադիմիրն առաջարկություն է արել Ելենային և նրանք ամուսնացել են: 2005 թվականին ծնվել է Զելենսկիների դուստրը՝ Ալեքսանդրան, 2013–ին` որդին՝ Կիրիլը:
Եկամուտների մասին հաշվետվությունից հայտնի է դարձել, որ Ելենան երկու բնակարան ունի և մեկ ոչ բնակելի տարածք: 2017 թվականին Ելենայի եկամուտը կազմել էմոտ $6000: Զելենսկի ամուսնինները հանդիսանում են «Студия квартал-95», Aldorante Limited և Film Heritage inc. ԲԲ ընկերությունների շահառուներ:
Քաղաքական հայացքներով Ելենան սատարում է ամուսնուն և կիսում նրա կարծիքը, սակայն մեկ անգամ չէ, որ Ելենան նշել է, որ դեմ էր ամուսնու՝ նախագահի թեկնածու դառնալուն։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ Վլադիմիրն է տան գլխավորը, ինքը սատարում է ամուսնուն, քանի որ վերջինս արդեն կայացրել է իր որոշումը:
Ամբողջությամբ՝ life.tert.am