Ալեքսանդրա Սամուելենկոն հեռուստադիտողներին հայտնի դարձավ դեռ տարիներ առաջ՝ մասնակցելով «Ցանկալի փեսացու» նախագծին։ Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու անհաջող փորձից հետո նա շարունակեց եթերում լինել արդեն որպես դերասանուհի։ Ալեքսանդրան հանդես է եկել «Չեյնջ» սիթքոմում, ներկայումս էլ նկարահանվում է «Մեծից փոքր» նախագծում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի քարտուղարուհու կերպարը։
Tert.am Life-ը Ալեքսանդրայի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական այս փուլի, այլև եթերային դադարի ու անձնական կյանքում եղած փոփոխությունների մասին։
Մեզ հետ զրույցի ընթացքում դերասանուհին ծիծաղելով նշեց, որ իրեն կրկին բաժին է հասել սիրուհու կերպար, բայց դերը միանգամից սիրել է ու խաղում է մեծ հաճույքով։
«Առաջարկը ստացել եմ սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանից։ Նորից սիրուհու կերպար եմ խաղում, բայց հումորային, թեթև ու հետաքրքիր դեր է, որն անկեղծ, շատ-շատ եմ սիրել։ Թեթև է ու ոչ այնքան սեքսուալ, սովորաբար, ինձ փորձում են միայն այդ տեսանկյունից ներկայացնել։ «Չեյնջ» սիթքոմում խաղալը նույնպես հետաքրքիր էր, բայց «Մեծից Փոքր»-ում Մկոյի հետ համագործակցությունը շատ ավելի լավ է, նկարահանումներն էլ, անկեղծ, Մկոյի հետ բավականին թեթև են անցում»,- ասաց Ալեքսանդրան։
«Չեյնջ» սիթքոմից հետո Ալեքսանդրայի մոտ եթերային դադար է եղել, որի ընթացքում հասցրել է իրագործել նպատակներից մեկը. «Ինքս ինձ հանգիստ էի տվել և կատարել ցանկություններիցս մեկը։ Վաղուց ուզում էի դիմահարդարման դասընթացների գնալ, բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Այս դադարը օգտագործեցի և նոր, հետաքրքիր մասնագիտություն ձեռք բերեցի։ Դեռ կիրառելու առիթ չի եղել, բայց ապագայում ինձ այդ ոլորտում ևս կփորձեմ»։
«Մեծից Փոքր» սիթքոմից դուրս Ալեքսանդրան այլ զբաղվածություն չունի։ Ըստ դերասանուհու` հայաստանյան շուկան փոքր է, արդյունքում առաջարկները քիչ են։ «Հայաստանի շուկայում երբեմն դժվար է։ Լինում է ժամանակ, միանգամից մի քանի առաջարկ եմ ստանում, նույնիսկ ժամանակս չի բավականացնում, լինում է նաև փուըլ, ընդհանրապես, առաջարկներ չեն լինում։ Սա շուկայի փոքր լինելու հետևանք է,- ասաց դերասանուհին` հավելելով, որ առաջարկների առատությունը երբեմն կարող է բարդացնել ընտրությունը,- երբ առաջարկներս շատ են, դժվար է որոշել, որովհետև պետք է ընտրեմ նրանք, որոնք մի քանի տեսանկյունից ձեռնտու կլինեն։ Բայց ամենից հաճախ ուշադրություն եմ դարձնում սցենարին, եթե ինձ դուր է գալիս, համաձայնում եմ։ Առաջնային պայմանն այն է, որ պետք է ինձ դուր գա ու հաճույքով անեմ այն, ինչ պահանջվում է»։
Անձնական կայնքի մասին մանրամասներ հայտնել Ալեքսանդրան չցանկացավ՝ նշելով միայն, որ ընտրյալ ունի։ «Անձնականիս մասին խոսել երբեք չեմ սիրել` չնայած այն քննարկվել է։ Ներկայումս սիրտս զբաղված է, կողքիս կա տղամարդ, բայց չեմ շտապում սոցցանցերում կիսվել լուսանկարներով։ Իհարկե, եթե ժամանակը գա, հարմար գտնենք, համատեղ լուսանկարներ կտեղադրենք, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»,- ասաց դերասանուհին։
Էկրանից սովորաբար սեքսուալ կերպարներով առանձնացող բարձրահասակ շիկահեր Ալեքսանդրան, պարզվում է, ուշադրության կենտրոնում լինել այնքան էլ չի սիրում։
«Ես շատ-շատ եմ ուշադրության կենտրոնում լինում, ինչից երբեմն նեղվում եմ։ Առհասարակ, գեղեցկությունն ինձ համար կարևոր բան չէ և երբեք էլ չի եղել։ Կարծում եմ, եթե մարդը հոգեպես վատն է, արտաքին սիրունությունն իրեն չի փրկի։ Ըստ իս` եթե մարդն ունի ներքին գեղեցկություն, արտաքնապես էլ հաստատ բոլորի համար գեղեցիկ կլինի։ Ինքս մարդուն գեղեցկությամբ չեմ գնահատում»,– ասաց նա։