ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ կիրականացվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնց համար ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ դրանց վերանայման նպատակով: Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել: Դրանով արդեն արդյունք ունենք: Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բողոք ենք բերել: Գործընթացը շարունակական է: Եվ ըստ գործի տվյալների վերլուծության և նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալների համադրությամբ, կարծում եմ, որ դա ևս շարունակություն կունենա»,-ասաց Դավթյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք վերանայվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործը, որով նրան այդ ժամանակ 7 տարի ազատազրկման էին դատապարտել, դատախազն ասաց՝ հարցը նույն տիրույթում է: Նախկինում կայացած դատական ակտերում առկա փաստական տվյալները կհամադրվեն և երբ օրենքի տառին համապատասխան երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնեն, անկախ նրանից, թե ով է նա, կիրականացնեն:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը: